«ՀՀԿ-ի համար այս բարեփոխումների անցկացումը գերնպատակ չէ: Պետք է ամեն ինչ որոշեն քաղաքացիները: Այս հարցը մեր օրակարգում առաջնայինն ու գլխավորը չէ: Մենք ունենք այլ` սոցիալական, անվտանգության խնդիրներ»,- ՀՀԿ ԳՄ նսիտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ այսօրվանից Հանրապետական կուսակցությունում սկսում են քննարկումների փուլը:
«Վերջնական տարբերակը կընդունվի քննարկումների արդյունքում, քաղաքական կուսակցությունների, մասնագետների կարծիքները հաշվի առնելով: Սա քննարկումների վերջը չէ, սա քննարկումների սկզիբն է»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ սահմանադրության քննարկվող տարբերակը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծել: Շարմազանովն ընդծեց, որ իրենք այս Սահմանադրությունը անցկացնելու խնդիր չունեն:
«Եթե որեւէ քաղաքական ուժ ցանկություն ունի եւ կարող է մասնակցել ընտրությունների, ապա թող մասնակցի նոր Սահմանադրության պարագայում, եւ այդ քաղաքական ուժի ղեկավարը կարող է դառնալ վարչապետ: Իսկ եթե որեւէ քաղաքական գործչի մանկության երազանքն է նախագահ դառնալ, ինչ ասեմ»,- նշեց Շարմազանովը: