կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 17:17
Առանց Կատեգորիա

Միքայել Վարոսյանը «Մանկական եվրատեսիլ 2015»-ին կներկայացնի Հայաստանը

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա, 2012-ից սկսած, մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ, հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը ճանաչված եւ սիրված մրցույթում:

12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում մասնակցել է միջազգային մրցույթների: 2013-ից նա ամենատարբեր մրցանակներով է վերադառնում Հայաստան: 2012-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին, 2013-ին` Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային «Golden Sparkles» մրցույթ-փառատոնին, որտեղ միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաեւ արժանացել մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին: 2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը:

Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում` 7-րդ դասարանում:

Նա նաև նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել եւ հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր եւ ֆիլմեր: 2014 թվականից իրեն սկսել է փորձել հեռուստատեսային աշխարհում եւ սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:

Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի եւ Բրունո Մարսի երգերը եւ ակտիվ հետեւում է նրանց երաժշտական գործունեությանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին եւ կհյուրընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք:

Ներկայացնում ենք Միքայելի կատարումներից մեկը: