կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 14:59
Մշակույթ

Պետք է համբերատար լինել որսորդի պես, այլապես ոչինչ չի ստացվի. Արման Երիցյան

Պետք է համբերատար լինել որսորդի պես, այլապես ոչինչ չի ստացվի. Արման Երիցյան

Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք…» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական մրցույթ» ծրագրում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երիցյանը նշեց, որ ֆիլմը Միխայիլի մասին է, ով, ինչպես մյուս ծերերը, մի բանի կարիք ունի` մի քիչ ավելի ուշադրության:

«Քանի դեռ կյանքը չի ավարտվել, այն շարունակվում է: Թվում է, թե բոլոր ծերերն էլ պահանջկոտ են, դժվար է նրանց հետ, բայց նրանք ընդամենը մեկ բան են ուզում մեզնից` ուշադրություն, ինչը մենք պետք է ժպտալով տանք նրանց և առանց հապաղելու»,- ասաց ռեժիսորը:

Հարցին, թե հե՞շտ էր, արդյոք, աշխատել ծերերի հետ, քանի որ գաղտնիք չէ, որ տարիքի հետ մարդիկ ավելի քմահաճ են դառնում, Երիցյանը պատասխանեց, թե իր համար շատ հեշտ էր, քանի որ գիտեր գլխավոր գաղտնիքը` համբերատար լինել է պետք: «Պետք է ահավոր համբերատար լինել` որսորդի պես: Վավերագրական ֆիլմերում ռեժիսորի մասնագիտական առաջին կոչումը համբերատարությունն է, եթե համբերատար չեղար` ոչնչի չես հասնի: Պետք է նաև աննկատ լինես, համբերես` մինչև նրանք կբացվեն, քեզ կպատմեն բոլոր գաղտնիքները: Էէականն այն է, որ դու հետո ոչ բոլոր գաղտնիքները պետք է հրապարակես»,- ասաց նա:

Ֆիլմի հերոսի՝ Միխայիլի զարմանալի, երբեմն էլ զվարճալի պատմությամբ ֆիլմը ցույց է տալիս ընտրյալների ճանապարհը: Ամեն մի կերպարի անձնական պատում միահյուսվում է գլխավոր հերոսի շուրջը: Թեև ամեն պատմություն խիստ անձնական է, և ընտրյալների պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով, ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումներն ընդհանրական են: Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք: Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել: