կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-14 12:22
Մշակույթ

«Հայտնի» դերասանը որտե՞ղ է հայտնի` սերիալներո՞ւմ, իրենց թաղո՞ւմ. Արամ Շահբազյան

«Հայտնի» դերասանը որտե՞ղ է հայտնի` սերիալներո՞ւմ, իրենց թաղո՞ւմ. Արամ Շահբազյան

«Մոսկվիչ, իմ սեր»  ֆիլմը 1990-ականների սերնդի խնդիրն է ներկայացնում, քանի որ այդ սերունդը դատապարտված էր. այսօր լրագրողներին ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ում «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:

Ըստ ռեժիսորի` ֆիլմում ներկայացվում է 90-ականների սերունդը, նրանց, ովքեր այն հասարակարգից եկել-հասել են այս հասարակարգ և հասկանում են, որ այստեղ իրենց կարիքը չկա: «Բավական երկար նախագիծ էր. ֆիլմի վրա աշխատանքները սկսել ենք դեռևս 2007-ից: Ֆիլմն ամբողջությամբ պատրաստ եղավ 2014-ին: Հայաստանում ֆիլմ նկարահանելը տարիներ է տևում»,- ասաց Շահբազյանը:

Հարցին, թե դիտմա՞մբ է որպես ֆիլմի գլխավոր դերակատար ընտրել մեկին, ով այնքան էլ ծանոթ չէ հասարակությանը, նա պատասխանեց` այո: «Ի՞նչ է նշանակում հայտնի դերասան, որտե՞ղ է նա հայտնի` սերիալներո՞ւմ, իրենց թաղո՞ւմ, մեր գեղո՞ւմ, ինչո՞վ է ինքը հայտնի: Ես չեմ ընդունում էդ հանգամանքը` ճանաչված-չճանաչված դերասան»,- ասաց ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր դերակատարը Մարտուն Ղևոնդյանն է:

Ի դեպ, ֆիլմի հիմքում իրական պատմություն է. ֆիլմի սցենարը գրվել է Վլադիմիր Շիրինյանի օրագրի հիման վրա: «Տարիներ առաջ ես և Էդիկ Բաղդասարյանը գործով գնացինք Մարտակերտ ու այնտեղ էլ գտանք Շիրինյանի օրագիրը: Ֆիլմում փոքր-ինչ գեղարվեստականացվել է, փոխվել է դեպքերի ընթացքը»,- ասաց Շահբազյանը:

«Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է, ով իր կնոջ հետ ապրում է Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Նրանց ողջ կարողությունը միակ կովն է և մի քանի հավը: Ամիսը մեկ Համոն գնում է շրջկենտրոն և ստանում Ռուսաստանում աշխատող որդու ուղարկած համեստ գումարը: Թվում է, թե ծերունիների կյանքն այդպես միապաղաղ էլ շարունակվելու էր, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամարդկանց խոսակցությունը. ինչ-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառվում, որն ունենալը Համոյի երազանքն էր: Համոն գնում է գյուղ և տեսնում մեքենան, իսկ մեքենայի տերը համաձայնում է սպասել, մինչև Համոն կբերի 800 դոլարը: Սակայն Համոյի համար մեքենայի գումարը ձեռք բերելը դառնում է կյանքի խնդիր…