կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 15:40
Տարածաշրջան

Հալեպի երբեմնի հայաշատ Աշրաֆիե թաղամասը ռմբակոծվել է

Հալեպի երբեմնի հայաշատ Աշրաֆիե թաղամասը ռմբակոծվել է

Հալեպի Աշրաֆիե թաղամասը, որը ժամանակին հայաշատ էր, նախօրեին ռմբակոծությունների թիրախում է հայտնվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` ավելացնելով, որ թաղամասում այժմ հայեր չեն բնակվում:

«Ռմբակոծությունները սկսվել են հուլիսի 2-ի երեկոյան և շարունակվել մինչև առավոտ: Արդեն մեկ ժամ է` իրավիճակը հանգիստ է, իսկ պատճառված վնասների մասին դեռ տեղեկություններ չկան»,- նշել է նա:

Ռեիսյանը նաև տեղեկացրել է, որ Աշրաֆիեի ռմբակոծությունը սկսվել է հրասանդներով ու հրթռիներով, ապա միջամտել են հրետանիները, իսկ հետո ռմբակոծությունները շարունակել են օդային ուժերը: Նա նաև հիշեցրել է մշտական առկա խնդիրների մասին` կապված էլեկտրականության, ջրի ու համացանցի հետ:

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, Ռեիսյանի խոսքով՝ այս տարի, այլ տարիների համեմատությամբ, Հալեպում այնքան էլ բարձր չէ օդի ջերմաստիճանը:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչ օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ: