Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Բաղրամյան փողոցում ձևավորված համակարգող խմբի անդամների այն հայտարարությունները, թե շարժումը արդեն քաղաքական է իր բնույթով, պատասխանեց. «Բաղրամյանում որևէ լուրջ գործընթաց չի կարող հասունանալ: Բաղրամյան պողոտայում այս պահին տարբեր շահեր սպասարկող տարբեր խմբավորումներ են, որոնք չունեն միասնական ձևակերպված օրակարգ, և դա է նրանց թույլ օղակը: Իսկ ինչո՞ւ չունեն, որովհետև տարբեր շահեր սպասարկող խմբավորումներ են, խմբավորումներ են, որոնք, ըստ էության, որևէ շահ չեն էլ սպասարկում, պարզապես այնտեղ են, որովհետև այնտեղ հավաքվում են մարդիկ»:
Պատգամավորը հավելեց. «Ձևակերպումը, թե խնդիրները չպետք է քաղաքականացնել, ես գրագետ չեմ համարում, որովհետև բոլոր խնդիրները, այդ թվում` նաև սոցիալական, լուծում կարող են ստանալ միայն մեկ դաշտում` քաղաքական: Չեմ պատկերացնում, որ սոցիալական խնդիրները, ասենք, երգի-պարի անսամբլում պետք է լուծում ստանան, բայց որ որևէ քաղաքական ուժ այնտեղ դոմինանտ չէ, այս պահին միանշանակ է. Բաղրամյան պողոտայում քաղաքական, հասարակական տարբեր ակտիվիստներ են, որոնք ուղղորդվում են տարբեր կողմերից, սպասարկում են տարբեր շահեր ու ենթաշահեր, հիմնականում` միմյանց հակասող: Իսկ դա հիմքն է քաոսային իրավիճակի, ինչը վերջին օրերին մենք արդեն տեսնում ենք: Ոստիկանությունը, ինչպես տեսնում ենք, ընտրել է ուժ չկիրառելու մարտավարություն` թույլ տալով, որ շարժումը, որն, ըստ էության, չունի միասնական օրակարգ և առաջնորդ, իսկ նման շարժումները շատ հեշտ է մաշեցնել, գնա հենց դրան`մաշեցնելու»:
Պատգամավորը հիշեցրեց, որ երբ ԲՀԿ-ն ժամանակին ասում էր, որ սոցիալական բոլոր հարցերը պետք է լուծել քաղաքական դաշտում և թույլ չտալ, որ սոցիալական հարցերը դուրս գան քաղաքական օրակարգից, որովհետև երբ դրանք դուրս են գալիս քաղօրակարգից, իսկ այնուհետև որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, այլ հայտնվում են բազմաթիվ պատասխանատուներ` իրար հակասող բազմաթիվ շահերով, մենք ունենում ենք քաոսայինկ իրավիճակ: Եվ եթե ժամանակին կառավարությունը ականջալուր լիներ այն առաջարկներին, թե փոխհատուցման ինչ մեխանիզմներով է հնարավոր հասնել նրան, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, այսօր չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք:
Հարցին, թե, փաստորեն, ոստիկանությունը, ինչպես հենց ինքը նշեց, ընտրել է Բաղրամյան պողոտայում հավաքվածների նկատմամբ ուժ չկիրառելու մարտավարությունը, ցուցարարներն էլ հրաժարվում են լքել պողոտան, այսինքն` այդպես մինչև ո՞ւր կհասնեն, և արդյոք իրավիճակը փակուղում չի հայտնվել, Ն.Զոհրաբյանն արձագանքեց. «Ես կդժվարանամ կանխատեսումներ անել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, բայց, դատելով ընդհանուր գործընթացից, վստահ եմ, որ ոստիկանները կշարունակեն իրենց` ուժ չկիրառելու մարտավարությունը, իսկ քանի որ ցուցարարները չունեն միասնական օրակարգ, հստակ ձևակերպված պահանջներ, և նրանց պահանջները հակասում են միմյանց, չեմ կարծում, որ այդտեղ որևէ լուրջ գործընթաց կարող է հասունանալ»:
Նա նաև հավելեց` եթե ցուցարարները կարողանան ձևակերպել միասնական օրակարգ և կարողանան ունենալ միասնական ղեկավարվող մարմին, նույնիսկ` տարբեր կազմակերպություններից կազմված, գուցե շարժումն ունենա հաջողություն:
«Ես ցավում եմ, որ իսկապես ազնիվ մղումներով, իսկապես սոցիալական արդար պահանջի վրա ձևավորված երիտասարդական շարժումը պառակտվեց կամ կարողացան հասնել նրան, որ այն պառակտվի»,- ասաց պատգամավորը: