կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 13:00
Իրավական

Թուրք զինվորը մորս ձեռքից խլեց 2 տարեկան եղբորս ու բոլորիս աչքի առաջ գլխատեց

Թուրք զինվորը մորս ձեռքից խլեց 2 տարեկան եղբորս ու բոլորիս աչքի առաջ գլխատեց

Հռիփսիմե հորաքրոջ պատմությունը

Կարս

Քրիստինե Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի հորաքրոջ պատմությունը: Նա 7 տարեկան է եղել, երբ սկսվել է Ցեղասպանությունը: Գաղթի ճանապարհին թուրքերը գլխատել եղբորն ու սպանել մորը:

 

«Պատմում է տատիկս, ում պատմել է իր հորաքույրը ՝ Հռիփսիմեն, որն ընդամենը 7 տարեկան է եղել Ցեղասպանության ժամանակ: Նա ծնվել և բնակվել է Կարսում: Տատիկս պատմում է, որ 16 տարեկան է եղել, երբ հորաքույրը պատմել է կատարվածն ու խնդրել գրի առնել ու ի ցույց դնել համայն աշխարհին:

 

«Երեկո էր, մի խաղաղ երեկո, բայց միևնույն ժամանակ մթության անդորրի ներքո անհանգստություն էր տիրում տանը. ընտանիքը գիտեր, որ գալու են թուրք զինվորները՝ ասկյարները, և պատրաստվում էր փախուստի: Տանը հավաքվել էին հայրը՝ Սերգոն, մայրը՝ Գայանեն, քույրը, մոտ 2 տարեկան եղբայրը և համագյուղացիներ, ովքեր ծրագրում էին փախուստը և որոշում ճանապահի անելիքը:

 

Բնականաբար, վերցնում էին ինչը որ անհրաժեշտ էին գտնում: Լինելով աշխատավոր ընտնիք՝ փայտագործ, պայտագործ, ունենում են որոշ քանակով ոսկե դրամներ, զարդեր, որոնք տանելու համար որոշում են ոսկիները թաքցնել եղբոր հագուստի մեջ: Երեխային պատրաստում են: Նոր էր բացվում առավոտը, երբ բռնեցին փախուստի ճանապարհը…


Ասկյարները, չգիտես թե որտեղից տեղեկցված լինելով ստույգ փախուստի մասին,նրանց հետապնդում են և ճանապարհին բռնում:

Պահանջում են մորից զարդեր, ոսկեղեն: Մայրը ծնկաչոք երեխան գրկին խնդրում է բաց թողնել, քանի որ իրենք չունեն ոչինչ: Այդ պահին թուրք զինվորներից մեկը գրկից խլում է երեխային ոտքերից բարձրացնում է վեր, թափահարում և առանց խղճի խայթ զգալու քրոջ, մոր, հոր աչքի առաջ սրի մեկ հարվածով կտրում են երեխայի գլուխը, կրկին թափահարում և պահած ոսկին արյան հետ թափվում է ներքև:

 

Մայրը խելագարվում է, արծվի պես ճանկռոտում է թուրք ասկյարի երեսը և ընկնում որդու վրա ասկյարի սրի հարվածից: Սուրը մխրճվել էր ամբողջ մարմնի երկայնքով և պատռել որովայնը: Թուրքերը քաղցած բորենիների նման արյան մեջ ընկած ոսկիներն էին հավաքում: Մենք, օգտվելով առիթից, փախանք սարերը: Քարերի արանքից տեսնում էինք, թե ինչպես են ձեռքերն արյունի մեջ լվանում, սրբում և հեռանում ՝ կարծես հայի արյան ծարավ լինեին:

 

Երբ հեռացան, մենք մոտեցանք դիակներին մի կերպ եղբորս ու մորս դիերը տարանք արտի մեջ կուտակված քարերի մոտ, քարերը բացեցինք, մաքրեցինք և մարմինները դնելով քարակույտի տակ, քարերով ծածկեցինք և այսպես ծանր վիշտը սրտում, ականատես լինելով բազմաթիվ ոճրագործությունների, դեգերելով քարափներում, մազապուրծ հասանք Շիրակավան (նախկինում ՝ Տավշան Ղշլաղ) գյուղը»: