Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղավնի Գալայճյան-Բարդախչյանի պատմությունը
1891 թ.
Հրաչուհի Բարդախչյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հորական տատի պատմությունը: Աղավնի Գալայճյանը ծնվել է 1891 Այնթապում: Նա 4 տարեկան է եղել, երբ սուլթան Համիդի ջարդերի ժամանակ երեխաների և կնոջ աչքի առջև սպանել են հորը՝ Կարապետ Գալայճյանին:
«Ես՝ Հրաչուհի Սամվելի Բարդախչյանս, Ցեղասպանություն տեսած, ջարդերի ու կոտորածների միջով անցած չորս մեծ գերդաստանի չորրորդ սերունդն եմ: Եվ մայրիկիս, և հայրիկիս տատիկներն ու պապիկները տեսել են ջարդեր, կոտորածներ, եղեռն: Ուզում եմ մի քանի տող գրել հայրական տատիս պատմածներից:
Աղավնի Գալայճյանը ծնվել է 1891 Այնթապում: Նա 4 տարեկան է լինում սուլթան Համիդի ջարդերի ժամանակ, երբ երեխաների և կնոջ աչքի առջև սպանում են հորը՝ Կարապետ Գալայճյանին: «Երբ հայրս ընկավ, ես վազեցի և տեսա հորս կողքը բամբակի նման մի գոյացություն և արյուն: Ես ձեռք տվեցի. փափուկ էր: Երբ մեծացա, հասկացա, որ դա հորս ուղեղն էր»,- պատմում էր տատս:
Երբ տատս լինում է 18 տարեկան, լուր է հասնում Այնթապ, որ առավոտյան թուրքերը բոլոր չամուսնացած հայ աղջիկներին պետք է հավաքեն և տանեն իրենց կնության: Տատիկս այդ գիշեր ամուսնանում է մի պատահական հայ երիտասարդի հետ, որին բոլորովին չի սիրում: 9 ամիս նրա հետ ապրելուց հետո ամուսնուն տանում են ծառայության, որտեղից նա այդպես էլ չի վերադառնում: Տատս անցնում է ջարդերի ու կոտորածների միջով, կորցնում է քույրերին, եղբայրներին: Եղեռնից փրկվում են տատս, քույրը՝ Աննան, մայրը՝ Մարիամը: Եղեռնից հետո նրանք գաղթում են Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքը:
Այդ դաժան տարիներին նա ստանում է մանկավարժական բարձրագույն կրթություն և 16 տարեկանից Այնթապում աշխատում է որպես մանկավարժ և Բրազիլիայում էլ շարունակում է նույն գործով զբաղվել՝ իրեն նվիրելով հայ մանուկների կրթությանն ու դաստիրակությանը: Տիրապետում է 8 լեզվի: Սան Պաուլոյում հանդիպում է պապիկիս, որոնց ամուսնությունից ծնվում է հայրս՝ Սամվել Բարդախչյանը: Ցավոք, պապս մահանում է, երբ հայրիկս լինում է մեկուկես տարեկան: Տատս, աշխատելով մանկատանը, աշխատանքից հետո մի խումբ հայ հայրենասերների հետ միասին կատարում են ծանր աշխատանք (փողոցներում ասֆալտ են քանդում): Այդ գումարը հավաքելով հիմնում են Սան Պաուլոյի առաջին հայկական դպրոցը՝ հայ մանուկներից ձուլումից փրկելու և հայ պահելու համար:
Երբ սկսվում է հայրենադարձությունը 1946-ին, տատիկս հայրիկիս հետ հայրենադարձվում են Հայաստան, Հոկտեմբերյանի շրջան Լուկաշինի անվան սովխոզ: 1947-ին Հայաստան են հայրենադարձվում մայրական տատս՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքից: Հայրս և մայրս ամուսնանում են և իրենց ամբողջ կյանքը ապրում այդ գյուղում: Տատիկս Հայաստանում էլ աշխատում է որպես մանկապարտեզի վարիչ: Տատս իր կյանքի 87 տարիից 51-ը նվիրում է հայ մանուկների կրթությանն ու դաստիարակությանը»: