կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-31 12:30
Հասարակություն

Բոլորիս գյուղից դուրս հանեցին և մեր աչքի առաջ հրդեհեցին տներն ու գոմերը

Բոլորիս գյուղից դուրս հանեցին և մեր աչքի առաջ հրդեհեցին տներն ու գոմերը

Աղբբյուրը՝ armeniangenocide100

Լուսին Շահբազյանի վկայությունը

Վան, Էրերնա գյուղ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուսիկ Շահբազյանը պատմել է Վանի գավառի Թիմարի գավառակի Էրերնա գյուղի կոտորածի մասին: Այս գյուղի տղամարդիկ ևս չեն խուսափել 1914-ի զորահավաքից: Այնուհետև թուրքերը գյուղից դուրս են հանել բոլորին ու խոտի և նավթի օգնությամբ հրդեհել տներն ու գոմերում կապված ընտանի կենդանիներին: Դրանից հետո հավաքել են մոտ 100 տղամարդու, կապկպել ու տարել քաղաք: Մի քանի օր անց ծերերին ու երեխաներին բաց են թողել, իսկ երիտասարդներից այդպես էլ ոչ մի լուր չեն ունեցել: Այսքանից հետո նրանք կրկին վերադարձել են իրենց ավերակ գյուղը՝ շենացնելու և խաղաղ ապրելու սին հույսեր փայփայելով:

 

Ես Վանայ նահանգի Թիմար գաւառի Էրերին գիւղացի Լուսիկ Շահբազեանը 40 տ., այժմ կապրիմ Բագուի Հայոց գիւղի 12 Նագորնայա N 35 տանը, ինձ կ՚օգնէ Գաղթ. մարմինը:

 

«Մեր երկրին մէջ կապրէի ես մեր տունը, որ 12 անձերէ կը բաղկանար, այժմ կը մնանք ընդամէնը 7 հոգի:

 

Սպաննուած են տագրս` Աւետիսը և անոր կինը` Նռնօն, ընդամէնը 2 հոգի:

 

Մեռած են ամուսինս` Յակոբ և տագերս աղջիկներ Զարուհի և Սուրբիկ, ընդամէնը 3 անձ:

 

1914 թուի զօրահաւաքին մեր գիւղէն եւս հաւաքեցին զինուորացու երիտասարդները և բոլորը տարան, անկէ յետոյ պետական պահանջը  ցորեն, գարի, իւղ, ձաւար, սայլ, լծկան, բեռնակիր, ձի և պէտք եղած բոլոր իրեղէնները կը տանէին անխնայ: Այս դրութեան մէջ ապրեցանք մինչև ձմեռը` Մեծ պահոց սկիզբները:  

 

Միայնակ ընտանիքները դուրս հանելով` խոտի և նաւթի օգնութեամբ վառեցին ամբողջ գիւղը իրենց կենդանիներով և անկէ յետոյ մեր մէջ ինկած կատարեցին իրենց բոլոր գազանութիւնները: Ես մեր կիսաւեր տունը մտայ տան մէջ մնացած թոռս դուրս բերելու համար, թիւրք ոստիկան մը ինձ նշմարելով տուն մտաւ և ինձ բռնեց, բռնաբարել կուզէր, ես ճիգ ըրի և քանի մը րոպէ դիմադրելէ վերջ յաջողեցայ դուրս փախչիլ և ազատւել նրանից, վերցնելով ինձ հետ թոռս:


Գիւղը վառելէն յետոյ հաւաքեցին 100-ի մօտ տղամարդիկ և ձեռքերնին կապելով քաղաք տարան, մի քանի օր պահելէ վեջ ծերերը և երեխաները թողեցին, բայց և այնպէս 20-ի մօտ երիտասարդներ ղրկեցին և ամալիա տարան, որոնցմէ ոչ մի լուր չունինք մինչև այսօր:

Անկէ յետոյ մենք կրկին մեր գիւղը մնացինք մեր աւերակները շէնցնելու և մէջը ապրելու յոյսով: Անցուցինք մինչև 1915 թուի Համբարձման տօնէն մի քանի օր առաջ: Գիւղացիները ապագան գուշակելով` տղամարդիկ և  քիչ քանակութեամբ կանայք նաւերու մէջ նստած Լիմ Անապատ գացին: Երկու օրէ վերջ թիւրք խուժանը մեր գիւղին վրայ յարձակուեց և երիտասարդութիւն չտեսնալով սկսեց գիւղը մնացողներուն հանդէպ ընել իր գազանութիւնները:  Գիւղին մէջ մնացող երիտասարդ կանայք, որոնք որ ոևէ պատճառով չէին կարողացեր կղզին գնալ, քիւրտերէն և կամ թիւրքերէն երկուքը մին ձեռքերէն և միւսը ոտքերէն բռնելով կը տանէին կը բռնաբարէին և ապա կը դարձնէին կրկին նոյն ձևով: Այս գազանութիւններուն ենթակայ էր նաև հարսս` Մարգարիտ, որ չկարողացանք ղրկել կղզին: Նոյն օրը տագրս` Աւետիս, որ գիւղը մնացած էր իր կին Նռնոյի հետ, մեր ինչ իրեղէններ պահելու մէջ կը լինեն, թիւրքերը վրայ կը հասնին և երկուքն ալ կը սպաննեն: 5-6 օր ևս այս դրութիւններուն ենթակայ մնացինք, մինչև թիւրքերը փախան, կամաւորները եկան և մենք ազատուեցանք:

 

1915 թուի յուլիսին նահանջին գաղթեցինք և Էջմիածին եկանք, ուր որ մեռան տագերս աղջիկները` Զարուհի և Սուրբիկ:

 

Անկէ յետոյ Բագու եկայ, ուր որ մեռաւ ամուսինս` Յակոբ: Իսկ մնացածներս կ՚ապրինք Բագուի մէջ»:

 

1916 թ., Բաքու

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 468, թթ. 15-16 շրջ., բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 126 – 128: