Թուրքիայում հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարի 52-րդ օրը պայքարողները բողոքի երթ են անցկացրել` պահանջելով հայկական որբանոցի վերադարձը:
Ըստ Demokrathaber-ի` բողոքի երթին մասնակցել են նաև պայքարի առաջին իսկ օրվանից ցուցարարների կողքին կանգնած` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ: Նրանց թվում են կուսակցությունից հայ պատգավավոր Կարո Փայլանն ու Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն:
Երթի ընթացքում ցուցարարները դատապարտել են նաև ԻՇԻՊ-ի հարձակումը թուրք-սիրիական սահմանին հարեւանությամբ գտնվող սիրիական Քոբանի քաղաքի վրա:
Երթից հետո ցուցարարները որբանոցի մասին հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվել է, որ 32 տարի առաջ պետական քաղաքականության արդյունքում խլվել է հայկական որբանոցը:
«Մայիսի 6-ին սկսված մեր պայքարն իր ողջ հաստատակամությամբ շարունակվում է: «Քամփ Արմեն»-ի իրական տերերը հայերն են: Որբանոցը պետք է վերադարձվի հայկական հիմնադրամին»,- նշվել է հայտարարության մեջ:
Ցույցի ընթացքում ցուցարարների անունից հայտարարությամբ հանդես եկած Ջեւահիր Շենը նշել է, որ հայկական որբանոցը մինչ օրս չի վերադարձվել` չնայած մինչև խորհրդարանական ընտրությունները այն վերադարձնելու մասին շրջանառվող լուրերին: Նա հայտնել է, որ իրենք որբանոցը պահանջում են ոչ թե ներկայիս սեփականատիրոջից, այլ որբանոցը խլող պետությունից, վարչապետի աշխատակազմից: Ելույթի վերջում Շենը խոստացել է շարունակել պայքարը` մինչև հայկական կողմին վերադարձվի որբանոցը: