կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 16:55
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գտնվել են Արման Բաբաջանյանի «իրականացրած» ծրագրի իրական տերերը

Ո՛չ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ո՛չ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ո՛չ էլ ԱՄՆ «Փարոս» հիմնադրամը շարժական ատամնաբուժարանի ծրագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել. Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագրի համակարգող Նաիրա Հարությունյանը:

Նա փաստեց, որ Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի երկարատև աշխատանքի շնորհիվ կյանքի է կոչվել «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը։ Շարժական ատամնաբուժարանի ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 22-ին Խաչիկ համայնքում: Ծրագրի հիմնական նպատակը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերի բնակիչներին, զինվորականներին և նրանց ընտանիքների անդամներին անվճար ատամնաբուժական ծառայություն մատուցելն է:

«Նշված համայնքներում կային 16 տարեկան անձինք, որոնք առաջին անգամ էին ատամնաբուժական ծառայությունից օգտվում»,- նշեց Նաիրա Հարությունյանը:

Շարժական ատամնաբուժարանում ամբողջ տարվա ընթացքում աշխատելու  է երկու բժիշկ, սահմանվելու է հստակ գրաֆիկ, թե որ ամսին, որ ժամանակահատվածում որ բնակավայրերի բնակիչներն են սպասարկվելու: Ատամնաբուժարանի ծառայություններն անվճար են, և գրեթե բոլոր բնակիչներն ունենալու են օգտվելու հնարավորություն:

Հիշեցնենք՝ այս ծրագրի վերաբերյալ mamul.am-ը, հղում կատարելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյբուքյան էջին, հրապարակել էր նրա գրառումը.

«…Ամռանը քանիցս այցելել եմ Վայոց ձորի սահմանապահ բնակավայրեր։ Խմելու վթարված ջրագծի պատճառով սահմանապահ Խնձորուտ գյուղի փոքրից մեծ բնակիչները ատամի խնդիր ունեին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո արմատապես լուծվեց գյուղի ջրագծի հիմնանորոգման հարցը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ որոշեցինք ավելի հիմնավոր լուծման մասին մտածել։

Եվ ահա, արդյունքը։

Նախարարության և ԱՄՆ Փարոս հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է շարժական ատամնաբուժարան տեղակայել Վայոց ձորի սահմանապահ և սահմանամերձ գյուղերում։ Առաջիկայում նախարարի հետ կայցելենք Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղ, կտանք ծրագրի պաշտոնական մեկնարկը, բայց այսօրվանից այս նոր շարժական ատամնաբուժարանը արդեն Վայոց ձորում է՝ սահմանապահ Խաչիկ գյուղում՝ պատրաստ իր առաքելությանը»:

Նաիրա Հարությունյանի խոսքով՝ իրենք ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը համարել են թյուրիմացություն, կապ են հաստատել պատգամավորի հետ, որից հետո Արման Բաբաջանյանը գրառումը հեռացրել է իր ֆեյսբուքյան էջից:

Մանրամասները՝ տեսանյութում: