կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 15:54
Տարածաշրջան

Հայերն ու քրդերը կոչ են անում Ապրիլի 24-ն անցկացնել Կ.Պոլսում

Հայերն ու քրդերը կոչ են անում Ապրիլի 24-ն անցկացնել Կ.Պոլսում
Եվրոպայի հակառասիստական կազմակերպությունները, Մարդու իրավունքների միությունը,  «Դուրդե» նախաձեռնությունն ու Հայ բարեգործական միությունը կոչ են անում գնալ Կ.Պոլիս՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա արարողությանը. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Համացանցում սկսված` #Remember24April1915 ստորագրահավաքի շրջանակներում 6 լեզուներով տարածված հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ որպես այս հիշատակի օրվա միջոցառումները կազմակերպող, ոգեկոչող և դրանց մասնակցող եվրոպացիներ, հայեր, թուրքեր և քրդեր, կոչ ենք  անում բոլորին, ովքեր կարևորություն են տալիս ճշմարտությանը, ներկա լինել Կ.Պոլսում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանությանը»:
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Ցեղասպանությունը ոչ միայն հայերի և թուրքերի հարցն է, այլև ամբողջ մարդկության: 
«Այս նախաձեռնությունը արդարության որոնում է: Ցեղասպանության տանող ռասիստական քաղաքականության ամենաուժեղ գործողություններից մեկը ցեղասպանության հերքումն է: Ժխտողականության դեմ պայքարը ռասիզմի դեմ պայքար է, հետևաբար, դա պայքար է ավելի արդար և հավասար հասարակության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
 
Փաստաթղթում հատկապես շեշտվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում անցկացնելու կարևորությունը, ինչը նշանակում է խթանել Թուրքիայում խոսքի ազատ դրսևորումն ու ոչ ժողովրդավար բնույթի հիմքերը կասկածի տակ դնել:
«Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում անցկացնելը հատկապես կարևոր է երիտասարդների համար, որպեսզի, լինելով համատեղ  ժողովրդավար արժեքների միջավայրում, առերեսվելով պատմական ճշմարտությունների հետ, կարողանան համատեղ ապագա կառուցել»,- ասվում է հայտարարության մեջ: