Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել Բաղրամյան պողոտայում այսօր ցուցարարներին ցրելու միջադեպի կապակցությամբ։
«Վերջին օրերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կազմակերպեցին բողոքի գործողություններ, պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության բնակչության մեծամասնության ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 23-ին ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ բերման ենթարկվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլեւ տուժեց երկրի վարկը, կրկին անգամ խաթարվեց հասարակական հանդուրժողականության մթնոլորտը:
Ստեղծված իրավիճակը հաղթահարելու և լարվածության հետագա խորացումից խուսափելու նպատակով պահանջում ենք՝ որպես առաջնահերթ քայլ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին: Անհրաժեշտ է առանձին քննության նյութ դարձնել ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:
Իշխանությունները պարտավոր են կատարվածի հետ կապված հետագա գործողությունները իրականացնել լիարժեք հրապարակայնության պայմաններում, ինչպես եւ քննության նյութ դարձնել հասարակայնության ներկայացուցիչների արդարացի պահանջները:
Միաժամանակ կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին ու հեղինակությանը հարվածող եւ հավանական միջամտությունների առիթ տվող գործողություններից»:
ՀՅԴ Մամլո դիվան