Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 20:00-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «սրտի կանգ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս` 2003թ. ծնված Լիլիթը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի 2Ա շենքի բակում խաղալիս երեխայի վրա ընկել է բակային տարածքում տեղադրված ճոճանակը, որի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել: Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 11-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հարցաքննվել են վկաներ, նրանց թվում՝ այն անձինք, ովքեր առաջինն են նկատել ընկած երեխային և փորձել օգնություն ցուցաբերել նրան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Մալաթիայի բաժնին: Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։