Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունն օր օրի զարմացնում է իր կամայականություններով: Քիչ առաջ հիշյալ մարմինը հայտարարություն տարածեց վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ մասին հրապարակումների վերաբերյալ՝ ակնհայտորեն հակասելով իր իսկ կողմից կայացված մի շարք դիրքորոշումների:
Հիշեցնենք, որ վերջերս պաշտպանության նախարարը դիմել էր գլխավոր դատախազին ՝ իր ընտանիքին, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումներում նշված դեպքերի իսկությունը ստուգելու և համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ:
Եվ ահա` ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով, որ «վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի` Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար»:
Դատախազությունը, նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:
Այսպես` համաձայն ներկայումս ՀՀ-ում գործող օրենսդրության սուտ մատնություն տալու համար անձը պետք է նախապես` օրենքով նախատեսված կարգով, գրավոր նախազգուշացված լինի և փաստաթուղթ ստորագրի նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, հակառակ դեպքում` անձը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել: Այս կապակցությամբ առկա են նախադեպային որոշումներ, օրինակ` ամիսներ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել էր սպանության գործով սուտ մատնություն տալու մեջ մեղադրվող մի կնոջ՝ պատճառաբանելով, որ հիմնավոր չէ սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքը, նրանից գրավոր հաղորդում չի վերցվել, նա օրենքով սահմանված կարգով չի նախազգուշացվել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Ուշագրավ է, որ այս կապակցությամբ մի շարք դիրքորոշումներ ունի հենց դատախազությունը:
«Անգամ, եթե անձը գրավոր դիմել է այս կամ այն իրավապահ մարմնին, և իրավապահ մարմինը համարում է, որ տեղեկություններն իրենց մեջ սուտ մատնության տարրեր են պարունակում, իրավապահ մարմինները չեն կարող սուտ մատնության համար քրեական գործ հարուցել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` նշելով, որ լրատվամիջոցով ինչ-որ մեկին մեղադրող տեղեկություններ հրապարակելը չի կարող դիտվել ո\'չ սուտ հաղորդում, ո\'չ սուտ մատնություն, այլ կարող է, լավագույն դեպքում, դիտվել որպես զրպարտություն:
«Ընդհանրապես, մամուլում հնչած հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ է, սակայն ոչ թե առիթ է` հարուցելու սուտ տեղեկություններ հաղորդողի դեմ, այլ եթե հրապարակումն իր մեջ պարունակում է տեղեկություն հանցագործության տարրերի` ինչ-որ մեկի կողմից կատարված արարքի վերաբերյալ, այդ փաստի առթիվ գործ հարուցելու առիթ է»,- ասաց փաստաբանը:
Լավ է` գոնե դատախազությունը զգուշավոր է գտնվել և հաղորդագրության մեջ նշել է «քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը», ինչը թույլ է տալիս հուսալու, որ դատախազությունում կգտնվի մեկը, ով կհիշեցնի՝ «տղե’րք, ախր մենք մեզ հակասում ենք, սիրուն չի»: