կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-11 22:18
Առանց Կատեգորիա

Դեռ մեկուկես ամիս առաջ պետք էր ձերբազատվել «դուխով մարդու» հանդերձանքից

Դեռ մեկուկես ամիս առաջ պետք էր ձերբազատվել «դուխով մարդու» հանդերձանքից

2018 թ. բոլորիս օգնությամբ իշխանության եկած քաղաքական ուժը վերջին շաբաթների ընթացքում ապացուցեց, որ անկախ նրանից` ով է սխալվել, այնուամենայնիվ, իրենք ճիշտ չէին: Ճիշտ չէին, որովհետև պետության անվտանգությունն ստորադասեցին սեփական բարեկեցությանն ու տրվեցին քաղաքական արկածախնդրության, որի դառը պտուղներն այսօր «վայելում» ենք բոլորս: Մինչ աշխարհի մեծ պետությունները պատրաստվում էին դիմադրել օրեցօր ահագնացող համավարակին, ՀՀ վարչապետը փողկապը պարանոցին, սպորտային դուխաթաթախ գլխարկը գլխին, շրջում էր երկրի տարբեր բնակավայրերում ու բազմամարդ հանրահավաքներ կազմակերպում` հայտարարելով, թե համավարակն ում շունն է, որ մեզ համար խնդիրներ ստեղծի:

Դրան զուգահեռ էլ Առողջապահության նախարարը հայտարարում էր, որ վիրուսը շատ վտանգավոր չէ, և լուրջ միջոցառումների կարիք չկա: Իհարկե, օրեր անց վարչապետը զգաց, որ «շունը» լավ էլ մեծ է, և այնքան սանձարձակ, որ կարող է կծել նրան, ով հայտնվի ճանապարհին. արտակարգ դրություն հայտարարվեց: Ավելի ուշ` ինքնավստահության ավելցուկ ունեցող Արսեն Թորոսյանն էլ հուսահատ հայտարարեց, որ վիրուսը դուրս է եկել վերահսկողությունից, այո, այո, այն վիրուսը, որը պարոն Արսենի համար որևէ լուրջ բան չէր, և ինչպես ասում էր իմ և ձեր, մեր բոլորիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարելի է «օղիով դեզինֆեկցիա անել ու պինցետով հատիկ-հատիկ հանել». ժողովրդական առածը նման դեպքերի համար է` լեզուն ոտքերի տակ է ընկնում:

Երեկ էլ իմացանք, որ տղերքը պատրաստվում են արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով` «անլուրջ շանից» խուսափելու նպատակով: Իհարկե, ճիշտ որոշում է, անհրաժեշտությունից ելնելով են անում, բայց եկեք անկեղծ լինենք ու նկատենք, որ դեռ մեկ-մեկուկես ամիս առաջ կարելի էր ձերբազատվել «դուխով մարդու» հանդերձանքից, խելամիտ լինել ու լսել մասնագետներին, որոնք զգուշացնում էին՝ առաջիկայում ամբողջ աշխարհի առաջ չոքած ուղտը Հայաստանի դռանն էլ է չոքելու:

Ի՞նչն էր պատճառը, ինչու՞ ժամանակին չարեցին անհրաժեշտ քայլերը, խորհուրդ տվողները «սև» էին դրա՞ համար, թե՞ ժամանակ չկար... ոչ էլ ցանկություն: Վերջիվերջո, ով է պատասխանատվություն կրելու ստեղծված իրավիճակի համար, Ազգային ժողովում ե՞րբ է ստեղծվելու Կորոնավիրուսի տարածման պատճառները քննող հանձնաժողովն ու բացատրություններ պահանջի կառավարության մի շարք անդամներից: Այսօր Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանը ներողություն ունեն խնդրելու` համազգային և համապետական վտանգին անլուրջ, ոչ մասնագիտական, խեղկատակ վերաբերմունք ցուցաբերելու, և պետությունը վտանգի առաջ կանգնեցնելու համար: Որքան էլ դա ցավալի լինի մասնավորի համար, ընդհանուրի համար կարևոր է: Ցավոք սրտի, ոչ միայն չենք լսում այդ ներողությունը, այլև այանատես ենք լինում մեղավորություն կոծկող աճպարարությունների, և համատարած կլոունադա է տիրում:

Գեւորգ Գյուլումյան