կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-02 15:12
Տնտեսական

Եթե Վրաստանից ավելի էժան էլեկտրաէներգիա գնելու հնարավորություն ունենանք, ապա կգնենք. էներգետիկայի փոխնախարար

Եթե Վրաստանից ավելի էժան էլեկտրաէներգիա գնելու հնարավորություն ունենանք, ապա կգնենք. էներգետիկայի փոխնախարար

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր էներգետիկ ոլորտի` 2014թ. բյուջեի կատարողականը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին էլեկտրաէներգիայի մասին: Նա նշեց, որ տարիներ առաջ Հայաստանի էլեկտրաէներգիայի 22 տոկոսն էր արտադրվում գազից, բայց վերջին տարիներին հոսանքի արտադրման մեջ գազի բաժինը բարձրացել է մինչև 42 տոկոս, ինչն ավելի թանկ է:

«Սա ի՞նչ ռազմավարություն է, որ ընտրել է նախարարությունը: Հեքիաթներ են պատմում, թե տարին սակավաջուր է եղել, բայց ես տվյալներ կարող եմ ներկայացնել, որ տարին ջրառատ է եղել: Կառավարությունը որևէ անհանգստություն, նիստ, հրատապ, ֆորսմաժորային քննարկում այս ընթացքում արե՞լ է` էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված: Բիբինին կանչե՞լ եք քննարկման»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը պատասխանեց, որ օրենքով է նախատեսված` ավելի էժան արտադրված էլեկտրաէներգիան պետք է սպառվի ներքին շուկայում, նոր արտահանվի, և որ այդ կարգը երբևէ չի խախտվել:

«Չի եղել երբևէ, որ էժան ռեսուրսի փոխարեն արտադրվել է թանկ ռեսուրսով էլեկտրաէներգիա: Այո, ժամանակին շատ ենք էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան: Բայց այնտեղ բուռն զարգացավ սեփական հիդրոարտադրանքը, և լինում է, որ Վրաստանը ունենում է ավելցուկ: Եթե հնարավորություն ունենանք գնելու Վրաստանից ավելի էժան էլեկտրաէներգիա, քան մեր ՋԷԿ-երի արտադրանքը, բնականաբար, մենք նման գործարքը կողջունենք, որովհետև դա կմեղմի ֆինանսական բեռը»,- ասաց փոխնախարարը:

Նա հավաստիացրեց, որ էլեկտրաէներգիայի հարցով կառավարությունը շահագրգիռ քննարկումներ է անցկացնում թե\' ՀԾԿՀ-ի հետ, թե\' աշխատանքային կարգով լսումներ են նախատեսված նաև ԱԺ-ում: