Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Նույնիսկ չգիտակցելով, որ Հայաստանի Հողային օրենսգիրքն է խախտել` «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի համասեփականատեր, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը 1998 թվականին հեշտ ու հանգիստ սեփականաշնորհել է Շաքիի ջրվեժի 14-16 հա տարածքը եւ ցանկապատել է բնության հուշարձանը:
«Երկիր»-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ ոչ մի անօրինականություն էլ չի եղել:
Ըստ քաղաքապետի` ինքը համագործակցում է երեւանյան մի քանի տուրիստական կազմակերպությունների հետ. «Երբեւիցե չի եղել, որ խոչընդոտենք ջրվեժը դիտելուն: Մենք միշտ հասանելի ենք եղել»:
Մինչդեռ շատ են փաստերը, որ Սիսիան այցելողները 18 մետրից գահավիժող ջրվեժը տեսնելու համար ստիպված են եղել 5 հազար դրամ վճարել: Քաղաքապետը բազմիցս հերքել էր այդ լուրերը, սակայն մեզ հետ զրույցում նա մեղքը գցեց «որոշ աշխատակիցների» վրա` հավելելով, որ նրանց ազատել է աշխատանքից:
«Երկիր»-ի հարցին, թե ի՞նչ իրավունքով է ցանկապատել ջրվեժը, Հակոբջանյանը հայտարարեց, որ թույլտվություն ունի, թե ո՞ւմից, անունը հրաժարվեց տալ:
«Շաքիի ջրվեժ տանող երկու ճանապարհ կա. այնտեղ կարելի է այցելել նաեւ համանուն գյուղի տարածքով: Սա ես արել եմ անվտանգությունից ելնելով եւ ցանկացած առումով: Մարդիկ արդեն սովորել են. անպայման փորձում են մեր ընկերության տարածքով անցնել ու բաց են թողնում դարպասները»,- ասաց նա:
Իսկ ՀԷԿ-ում օգտագործվող ջրային պաշարների մասին խոսելիս Հակոբջանյանը նշեց, որ այսօր «իր ջուրն էլ է պակասել», չի կարողանում վերցնել այնքան ջուր, որքան հարկավոր է իրեն տրված լիցենզիայով:
Կուշտ գանգատվելուց հետո նա մեզ հարց տվեց. «Հիմա ինչի՞ն եք համաձայն` ջրվեժ ունենա՞ք, թե՞ էլեկտրաէներգիա»:
«Երկիր»-ը պատասխանում է. ջրվեժն Աստծո պարգեւն է, եզակի է, դարեր ի վեր եղել է անձեռնմխելի եւ, որպես բնության հուշարձան, պետք է պահպանվի լիարժեքորեն: