Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին, կաթի մթերման խնդիրներին: Ըստ նրա` կաթի մթերման խնդիրն այժմ ամենացավոտներից մեկն է: Նա նշեց, որ վերջին շրջանում պարբերաբար ստանում են ահազանգեր, որ կաթի գինն իջել է:
«Մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում: Ֆերմերները նշում են «Մարիաննա» ընկերության անունը: Քաղաքական այրերից մեկն ասաց, որ մեղավորը գյուղապետերն են, բայց դա պարզապես աբսուրդ է: Այստեղ բոլորովին այլ խնդիր է: Աքիլեսյան գարշապարն արտասահմանում կաթի փոշու գնի նվազումն է: Ուկրաինայում կաթի փոշու 10 կիլոգրամանոց մեկ պարկը երկու ԱՄՆ դոլարով են վաճառում, իսկ մեզ մոտ այն վաճառվում է 800 դրամով: Կաթի գործարանները, այս նկատառումներից ելնելով, կաթի գները իջեցնում են»,- ասաց Բերբերյանը:
Նա նշեց նաև, որ մեր խանութներում պարբերաբար հանդիպում ենք «Անարատ կաթ» վերտառությամբ կաթի, որը բավականին վիճելի հարց է: «Խանութներում նշված է անարատ կաթ: Որտե՞ղ է դա ապացուցվել: Մենք մասնագիտորեն նայում ենք և տեսնում, որ կաթի փոշուց է պատրաստված: Ո՞ւմ են խաբում, գերշահույթի հետևի՞ց են ընկնում: Կաթի փոշին ավելի էժան է, ախր: Կաթ վերամշակող ընկերությունները պետք է իրավիճակին սթափ նայեն: Շատ հնարավոր է, որ մեր շուկան լցվի այլ երկրների կաթնամթերքով: Բելառուսական կաթնամթերքը կարող է ողողել մեր շուկան, եթե մեր` կաթ մթերող ընկերությունները չսթափվեն: Եթե մտածում են, որ Թուրքիայում կարող են գործարաններ ստեղծել, սխալվում են: ԵՏՄ-ն երկկողմանի ճանապարհ է. ԵՏՄ անդամ պետությունները կարող են իրենց ապրանքները ևս ներկրել Հայաստան»,- ընդգծեց Բերբերյանը:
Նա նշեց նաև, որ իրենք ֆերմերների անունից դիմել են հակամենաշնորհային հանձնաժողովին: «Ճիշտ կլիներ, որ անարաթ կաթի և կաթի փոշու միջև ընտրություն լիներ: Բայց վաճառող կազմակերպությունները ստուգումներ չեն իրականացնում: Պարենի անվտանգության պետական ծառայությունն այս ուղղությամբ պետք է հրատապ լուծումներ մշակի, այլապես վաղը կաթի գործարանները կարող են փակվել»,- ասաց ՀԿ նախագահը: «Գյուղատնտեսության նախարարությունը որևէ գործ չունի այս հարցում, պարենի անվտանգության պետական ծառայությունն է պատասխանատուն»,- շեշտեց Բերբերյանը: