կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-01 11:26
Հասարակություն

Մարզային առողջապահության թերությունները ներկայացրեցին նախարարին

Մարզային առողջապահության թերությունները ներկայացրեցին նախարարին

Այսօր ԱԺ-ում 2014թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ներկայացվեց առողջապահության ոլորտի հաշվետվությունը: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առողջապահության ոլորտում իրականացվել է 76,6 մլրդ դրամի ծախս, արձանագրվել` 91,6 կատարողական:

Նախորդ տարվա համեմատ` ոլորտի ծախսերն աճել են 12 միլիարդ դրամով: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին մարզերում ոլորտի վատ վիճակի մասին:

«Բավական լուրջ միջոցներ եք օգտագործում` մարզերում միջոցների զարգացման համար, բայց առայժմ այդ արդյունքը շոշափելի չէ: Եթե տեխնիկապես եք զինում մարզային հիվանդանոցները, ապա «կաղում է» բժիշկների որակը, և հիվանդը բուժսպասարկում չի կարողանում ստանալ և կրկին ստիպված է գալ Երևան»,- ասաց պատգամավորը և առաջարկեց Երևանից բժիշկներ ուղարկել մարզային հիվանդանոցներ: Պատգամավորը հավելեց, որ մարզային հիվանդանոցներում կան հիվանդներ, որոնք չեն կարողանում ոչ այնտեղ բուժում ստանալ, ոչ էլ հնարավորություն ունեն գալու Երևան: «Ի՞նչ է անում առողջապահության նախարարությունն այս դեպքում», – հարցրեց նա:

Լյուդմիլա Սարգսյանը նաև նշեց, որ մարզերում անվճար համարվող ծննդօգնությունը դառնում է վճարովի Երևան տեղափոխվելիս, սակայն շատերը չեն վստահում մարզային հիվանդանոցներին և չեն ցանկանում այնտեղ ծննդաբերել:

Առողջապահության նախարարը նշեց, որ անվճար բուժօգնության համար իրենք հավաստագիր են տրամադրում, և այդ ծառայությունը դառնում է վճարովի նաև մարզից մարզ տեղափոխության ժամանակ: Նախարարի խոսքով՝ մարզերում նոր կենտրոնները ստեղծվում են զարգացումներին համահունչ, իսկ մարզային բժիշկներն էլ հնարավորություն են ստանում վերապատրաստվելու առաջատար կլինիկաներում: Արմեն Մուրադյանը համաձայն էր, որ մարզերում պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի բժիշկները մնան այնտեղ: