կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-12 21:50
Քաղաքական

ԱԻՆ-ում ներկայացրեցին նորանշանակ փոխնախարարներին

ԱԻՆ-ում ներկայացրեցին նորանշանակ փոխնախարարներին

Հունիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխնախարարներին: Նախարարը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին՝ բարձր գնահատելով նրա ծառայությունն ԱԻ համակարգում: Նախարար Ռոստոմյանը նաև շնորհակալություն հայտնեց նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանին՝ շեշտելով, որ նա աշխատանքային գործունեությունը կշարունակի արտակարգ իրավիճակների ոլորտում:

Ներկայացնելով նորանշանակ փոխնախարար Արա Նազարյանին՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ԱԻՆ համակարգում նրան արդեն ծանոթ են: Լուրջ փորձ ունենալով իրավական ոլորտում և շուրջ մեկ տասնամյակ աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Արա Նազարյանն այժմ իր գիտելիքն ու հմտությունները կիրառում է ԱԻ նախարարության զարգացման ու խնդիրների լուծման համար:

ԱԻ նորանշանակ փոխնախարար Արամ Թանքարյանը նախարարության համակարգում է 2017 թվականից՝ որպես Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Երևանի տեսչության պետ: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նախկինում նա աշխատել է ՆԳՆ համակարգում, ապա՝ Մաքսային պետական կոմիտեում, Հարկային պետական ծառայությունում, Պետեկամուտների կոմիտեում և Ֆինանսների նախարարությունում:

Ներկայացնելով ԱԻ նորանշանակ փոխնախարար Արկադի Բալյանին՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նա տեղափոխվել է Արդարադատության նախարարությունից: Նախկինում՝ շուրջ 20 տարի աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: Արկադի Բալյանը վերապատրաստվել է Եգիպտոսում և Ռուսաստանի Դաշնությունում: Ազատ տիրապետում է օտար լեզուների՝ անգլերեն և ռուսերեն:

Նախարարը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ փոխնախարարներն իրենց գիտելիքով ու կարողություններով կօժանդակեն ԱԻՆ համակարգի կայուն զարգացմանը՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության սահմաններում ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն և աշխատանքային բարձր կարգապահություն, որպեսզի մեր ժողովրդի վստահությունը ԱԻ նախարարության հանդեպ ավելի ամրապնդվի: