կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-25 14:29
Հասարակություն

Տոնավաճառների աշխատակիցները ներկայացրեցին իրենց պահանջները

Տոնավաճառների աշխատակիցները ներկայացրեցին իրենց պահանջները

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույցի են դուրս եկել տոնավաճառների աշխատակիցները: Բողոքի ակցիան համակարգող Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ տոնավաճառների ներկայացուցիչներից կազմված խումբը պատրաստ է հանդիպել վարչապետի հետ և քննարկել թե' բողոքները, թե' հետագա լուծումները:

Աշխատակիցները պահանջում են կառավարությունից մեկ պատուհանի սկզբունքով աշխատելու հնարավորություն, այսինքն` առանց մաքսային վճարների նաև` երաշխիք, որ 5 տարի օրենքը չի փոփոխվի: Պահանջում են նաև ազատել իրենց ռիսկեր պարունակող թղթաբանությունից, բոլոր հարկերը վճարել մաքսատանը, սահմանել հաստատագրված վճար և աշխատողների թիվ`ըստ վաճառքի տարածքի, ըստ քառակուսի մետրի:

Արմեն Ներսիսյանի խոսքով` անցյալ անգամ հանդիպել են ոչ թե վարչապետի, այլ նրա օգնականներից մեկի հետ և հանդիպման արդյունքներից դժգոհ են, քանի որ հանդիպումը վերածվել է բանավեճի: Նրանք կարևոր են համարում հենց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը, քանի որ «նա արդար մարդ է», և հավատում են, որ կարող է իրենց խնդիրները լուծել:

«Մենք վատ բան չենք առաջարկում, մենք չենք ցանկանում թալանել պետությունը: Մեր ուզածն է, որ հանգիստ ապրենք, ոչ թե ահ ու վախի մթնոլորտում աշխատենք: Ուրիշ երկրներում ապրանքները բերում են, մաքսային վճարները անում, բացի 20 տոկոս ԱԱՀ-ից: Ապրանքը վաճառելուց հետո նոր 20 տոկոս ԱԱՀ-ն տալիս են: Հերիք չի` մենք ռիսկ ենք անում, վարկ ենք վերցնում, ապրանք ենք բերում, ու հայտնի չի` ապրանքը կարող ենք վաճառել, թե` ոչ, 20 տոկոս ԱԱՀ-ն մուծում ենք, ու այդքանից հետո մտածում են, թե մենք հարկերից խուսափո՞ւմ ենք: Բա ասենք, թե ապրանքը բերում ենք, ու պարզվում է, մեզ խաբել են ու վատորակ ապրանք են տվել, ու արդեն 20 տոկոս ԱԱՀ-ն վճարել ենք, ի՞նչ պետք է անեմ, նորից ապրանքը հետ տանեմ ու նորից բերելիս 20 տոկոս ԱԱՀ-ն վճարե՞մ»,- ասաց Արմեն Ներսիսյանը: