կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 16:35
Առանց Կատեգորիա

Դեբեդավանի ղարիբ ղշերը

Դեբեդավանում յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունի, բայց բոլորին մեկ բան է միավորում' անցյալը: Գյուղում փախստականներ են բնակվում, հիմնականում` ադրբեջանական Ջալեթ գյուղից եկած: Այստեղ անցյալի մասին իրար հետ երբեք չեն խոսում: 83-ամյա Զոյա Խուդյանը 1988-ին է Ադրբեջանից տեղափոխվել Հայաստան:

 

 «Ցավը տանեմ մեր Ջալեթ գյուղի. 360 տուն ենք եղել: Երկու շկոլա է եղել, մենք հայերեն ենք կարդացել, ղարաբաղցիներն են մեզ դաս տվել, բոլորը գրագետ են եղել, հիմի եկել ենք Հայաստան, ու հավան չեն կենում ղարաբաղցիներին»,- ասում է տիկին Զոյան:

 

Կինն Ադրբեջանում աշխատել է ծխախոտի գործարանում, առաջավոր աշխատող է եղել` 3,5 տոննա ծխախոտ է տվել պետությանը, մի ամսվա մեջ երկու անգամ ռոճիկ ստացել, բայց դատարկ ձեռքերով է եկել Հայաստան: Տատի խոսքով` դատախազ, ռայսովետի, գյուղապետի դեպուտատ է եղել, բայց եկել այստեղ` հարևաններից է 5000 մանեթով պահարան ու անկողին գնել: Չնայած սրան' տատի ցանկությունը մեկն է.«Եղբայրս երկու թոռ ունի' զույգեր, երկուսն էլ հիմա բանակում են, Ղարաբաղում են ծառայում: Ես գիշերը չեմ կարողանում քնել նրանց դարդից: Ուզում եմ խաղաղություն լինի, որ աչքս հանգիստ կպցնեմ»:

 

Զոյա տատն ասում է' ղարիբ ղուշեր ենք եղել, լավ, թե վատ' հարմարվել Հայաստանին: Հագուստի կարկատանները ցույց տալով` ասում է, որ էսպես էլ կապրի գոհ ու երջանիկ, միայն թե խաղաղ լինի: Տատն ասում է, որ էն գլխից ադրբեջանցիների հետ հաշտ են ապրել, բայց փախեփախի տարիներին հարաբերությունները լարվել են: Տատը լավ է հիշում և հենց ադրբեջաներեն էլ ցիտում տեղահանության օրերին ադրբեջանցի զինվորներից մեկի խոսքը, թե աշխարհում մի ազգ է մնալու, այն էլ` ադրբեջանցիները:

 

82-ամյա Դարգիյան Թազագյուլը, սակայն, այլ հիշողություններ ունի, ասում է' անգամ Ջալեթը լքելիս ադրբեջանցի հարևանները լաց էին լինում: Տեղի թուրքերը, տատի խոսքով, ասում էին, որ ուզում են իրենք մնան իրենց հարևան, այլ ոչ թե Հայաստանի թուրքերը գան. «Տեղահանության օրը գյուղի գլխավոր բժիշկն եկավ, մեզ բարի ճանապարհ մաղթեց, հույս ուներ, որ էլի հետ ենք վերադառնալու»:

 

 Խաղաղությունը, տիկին Թազագյուլի կարծիքով, պարապության մատնված զինվորն է և երեխաները, որոնց միակ խաղալիքը կրակված փամփուշտը չէ: Տատն ուզում է խաղաղություն լինի, կռիվ չլինի, ինչպես ինքն է ասում' «մեր երեխեքը ջահել են, մեղք են»: 

 

Դեբեդավանցի Օլյա Ղահրամանյանին այլ հարց է հուզում: Նա 25 տարուց ավելի է, ինչ տեղափոխվել է Դեբեդավան, բայց տուն չունի: Տիկին Օլյան 5 տղա ունի, բոլորն էլ վարձով են ապրում: Կինն արտասվելով է հիշում Ադրբեջանում թողած տունը, ասում է' լավ, թե վատ, գոնե էնտեղ տուն ունեինք: Վերջերս կինն ինսուլտ է տարել, դժվարանում է խոսել, նրա փոխարեն Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանն է պատմում, որ կնոջ ամուսինը Ղարաբաղում ինքնապաշտպանական մարտերի ժամանակ է զոհվել:

 

«Այս տունն էլ իրենցը չի, վարձով են ապրում այստեղ: Օլյան ժամանակին աշխատել է տարբեր մարդկանց մոտ, երեխեքին պահել-մեծացրել, բայց մինչև հիմա տուն չունի, ի վիճակի չեն գնել կամ սարքել: Երեխեքն ամուսնացած են, ամենքը մի տեղ վարձով են ապրում»,- ասում է Դամիրչյանը:

 

Տիկին Օլյայի հարսը' Հասմիկ Ղալեչյանը, ասում է, որ սկեսուրը հուշերով է ապրում. ամեն երեկո մի պատմություն է պատմում` Ջալեթի հետ կապված, բոլորն էլ բարի ավարտ են ունենում, ոչ թե իրականության պես: Տիկին Օլյայի տանից դուրս գալիս նա ասում է. «Կներես, բալե'ս, որ մոտդ լաց եղա, տրամադրությունդ չգցես, իմ լացը կրակված փամփուշտի նման է' արդեն էլ վնաս չի տալիս»:

Կարինե Հարությունյան