կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 13:13
Հասարակություն

Եթե ամեն դժվարության դեպքում մի դուռ փակվի` ո՞ւր կհասնենք. փակվել է սահմանամերձ Դեբեդավանի միակ մանկապարտեզը

Եթե ամեն դժվարության դեպքում մի դուռ փակվի` ո՞ւր կհասնենք. փակվել է սահմանամերձ Դեբեդավանի միակ մանկապարտեզը

Օրեր առաջ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Դեբեդավան գյուղի միակ մանկապարտեզը փակվել է: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: 2014-ին մանկապարտեզին հատկացվել է 3 մլն 200 000 դրամ, բայց` 10 ամսվա համար, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մանկապարտեզի ղեկավարներն աշխատել են իրենց հաշվին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Մառլենա Բաբայանը նշեց, որ մանկապարտեզի լուծարման որոշումն ընդունվել է 2014-ի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած` ավագանու նիստի ժամանակ: Մանկապարտեզ հաճախում է 30 երեխա, մանկապարտեզն ունի 5 աշխատող` տնօրեն, դաստիարակ, դաստիարակի օգնական, խոհարար և հաշվապահ /կես դրույք/: Դեբեդավանում բնակչության մեծամասնությունը ադրբեջանական գյուղերից փախստականներ են, այդ թվում` նաև տիկին Բաբայանը:

 

«Սկզբից էլ պարզ է, որ մանկապարտեզը փակելու են: Դեռևս հոկտեմբեր ամսին դիմել եմ գյուղապետին` Վանյա Դամիրչյանին, որ նիստ հրավիրեն` մանկապարտեզի հարցի քննարկման համար, որին ներկա կլինեմ ես, ավագանու անդամները, նաև` ծնողները, սակայն նա ինձ պատասխանել է, թե ես իրավունք չունեմ մասնակցելու նիստին: Դեկտեմբեր ամսվա սկզբին նիստ է ցանկացել անել` մանկապարտեզի լուծարման համար, բայց քվորում չի եղել: Երկրորդ անգամ արդեն դեկտեմբերի 30-ին է նիստ արել և լուծարման որոշում ընդունել»,- ասաց մանկապարտեզի տնօրենը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ հունվարի 12-14-ն ինքն աշխատանքի է գնացել, իսկ հունվարի 15-ին իրեն արդեն ասել են, որ մանկապարտեզը լուծարվել է: Մառլենա Բաբայանի հավաստմամբ` իրեն ներկայացրել են լուծարման որոշումը, որում հիմնարար ոչ մի պատճառ չկար նշված:

 

«Աշխատանքային օրենսգրքից հոդված են մեջբերել, որն Աշխատանքային օրենսգրքում մեկ ուրիշ բան է նշանակում, իրենք այլ կերպ են մեկնաբանում: Որպես մանկապարտեզի լուծարման պատճառ` նշում են ֆինանսականը: Հա, չեմ ասում, թե մենք ֆինանսական լավ վիճակում ենք, բայց այնպես էլ չէր, որ բարձր աշխատավարձ էինք պահանջում, եղածով բավարարվել ենք միշտ: Ես 30 տարվա մանկավարժ եմ: 90-ականներին շատ դժվարությամբ ենք պահել մանկապարտեզը, իսկ հիմա, երբ երկրում մանկապարտեզի գոյությունը ռազմավարական ծրագրով է ապահովված, հանկարծ մանկապարտեզ է փակվում»,- ասաց նա:

 

Ըստ տնօրենի` համայնքի բնակիչներն իր հետ են և փետրվարի սկզբին գրավոր դիմել են մարզպետին, որ հարցին լուծում տրվի:

 

Բաբայանը նշում է, որ գյուղում գազ չկա, և մանկապարտեզի ջեռուցման խնդիրը մեծ մասամբ լուծվել է ծնողների և մանկապարտեզի աշխատողների շնորհիվ, միայն անցած տարի` նախընտրական ժամանակահատվածում, գյուղապետը մի քիչ օգնել է: 2014-ին նույնպես իրենց միջոցներով են վառելափայտ գնել ու շենքը տաքացրել: Ավելին` եթե նախորդ տարիներին Ամանորին  յուրաքանչյուր երեխայի համար սիմվոլիկ նվեր էր գնում, այս տարի դա էլ չեն արել: Բաբայանը զարմանում է` 12 մլն բյուջե ունեցող գյուղապետարանի համար 500 դրամանոց նվերներ գնե՞լն էլ ֆինանսական խնդիր է համարվում:

 

«Ասում են` մանկապարտեզը փակում են` դպրոցում նախակրթարան բացելու համար: Դպրոցի այսօրվա շենքը նախկին մանկապարտեզի շենքն է, ախր, նախակրթարանի համար էլ տարածք չունեն: Մի բան էլ` արձակուրդ միշտ մեր հաշվին ենք գնացել, իսկ 2013-ին գյուղապետը նախատեսել էր, որ մանկապարտեզը պետք է աշխատի 10 ամիս, մնացած երկու ամիսը մենք, իհարկե, աշխատեցինք, բայց` մեր հաշվին: Ես հասկանում էի, որ ամեն ինչ տանում էր մանկապարտեզը փակելուն: Երբ մարտադաշտում զինվորը մենակ է լինում`չգիտի` ի՞նչ անի: Մենք Ադրբեջանից ենք եկել այստեղ, շատ դժվարություններ ենք տեսել մեր կյանքում, բայց երբեք բանը չի հասել մանկապարտեզ փակելուն: Եթե յուրաքանչյուր դժվարության դեպքում մի դուռ փակվի` ո՞ւր կհասնի»,- վրդովված ասաց մանկապարտեզի տնօրենը:

 

Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզի լուծարման պատճառը ֆինանսների բացակայությունն էր: Ըստ նրա` 2014-ին մանկապարտեզի տնօրենի հետ նախապես պայմանավորվել էին, որ 10 ամսվա համար են վարձատրվելու, երկու ամիս էլ իրենց հաշվին պետք է արձակուրդ գնային:

 

«Ես նախապես ասել եմ, որ եթե տարվա վերջում հնարավորություն լինի` կավելացնեմ, եթե ոչ` արձակուրդ կգնան: Տնօրենը համաձայնել է: Քանի որ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձերն ավելացվեցին, խնդիր ունեինք իրենց աշխատավարձերի վճարման, ուստի կրկին 100 000 դրամ ավելացրինք մանկապարտեզի աշխատավարձերի համար նախատեսված գումարին: Իսկ դեկտեմբեր ամսին իմ բյուջեի կատարողականը 52 տոկոս էր կազմում, և հեռանկար չկար, որ մենք տարվա վերջին կկարողանանք 100 տոկոսանոց բյուջե ապահովել»,- ասաց գյուղապետը:

 

Դամիրչյանի հավաստմամբ` մինչ այդ մանկապարտեզի տնօրենին բանավոր ներկայացրել է իրավիճակը, իսկ հոկտեմբերի 20-ին դիմում ուղարկել, որ ֆինանսական խնդրի առջև են կանգնած, և պայմանագրի համաձայն` նոյեմբերի 1-ին սպառվում է նրանց հատկացված գումարը ու առաջարկվում է նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին գնալ արձակուրդ: «Իսկ իրենք աշխատել են, բայց, ճիշտ է, աշխատավարձ չեն ստացել: Հասկանո՞ւմ եք` տարեվերջին հողի հարկի գծով 82 տոկոս հավաքագրում ստացվեց, բյուջեն 600 000 դրամի չափով թերի կատարվեց: Այս տարի նվազագույն աշխատավարձն ավելանալու է, էլեկտրաէներգիան թանկանալու է, մանկապարտեզ պահելու համար մեզ պետք է 4 300 000 դրամ, որը մեր սեփական եկամուտները գերազանցում է կես միլիոնի չափով»,- պարզաբանեց նա:

 

Ըստ գյուղապետի` մարզպետը սեպտեմբեր ամսին այցելել է գյուղ, որ հարցին տեղում ծանոթանա, բայց արձագանք չկա: Նա հավաստիացնում է, որ պետության կողմից իրեն հատկացվող դոտացիան չի բավարարում անգամ գյուղապետարանի աշխատանքի համար` նախատեսված 7 աշխատակցի փոխարեն 4 հոգի է աշխատում գյուղապետարանում:

 

«Մարզպետի հետ պայմանավորվել ենք, որ մանկապարտեզի փոխարեն նախակրթարան ենք բացելու, ու հարցն արդեն նախարարություն ենք ներկայացրել: Նախակրթարանը ֆինանսավորում է պետությունը, ուստի գյուղապետարանն ազատվում է այդ ծախսից, և այն գումարը, որ նախատեսվում էր մանկապարտեզի համար, մենք հիմա լուրջ ծրագրի մեջ ենք ներդնելու»,- ասաց գյուղապետը:

 

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ են անելու մանկապարտեզի` անգործ մնացած 5 աշխատակիցները, պատասպանեց, որ չգիտի: «Գիտեմ` Բաբայանը տան միակ աշխատողն է, դե, հիմի, ցավալի է, բայց փաստն այդ է: Ես առաջին օրվանից էլ հասկացել եմ, որ մի օր մենք նման խնդրի առաջ ենք կանգնելու: Ճիշտ է, օրենքի տեսակետից ճիշտ չէ 2-3 ամսով դադարեցնել մանկապարտեզի աշխատանքը, բայց ես իրեն ասում էի, որ մեզ մոտ մանկապարտեզի պետքը կա ամռանն ու գարնանը, երբ մարդիկ աշխատում են, մնացած ամիսներին, ջեռուցման, ֆինանսական խնդիրները հաշվի առնելով, կարող են տանը պահել երեխաներին: Ասում էի` տարվա մեջ մի քանի ամիս արձակուրդ գնան, փոխարենն այդ գումարը կտնտեսվեր, ու մի երկու տարի էլ կպահպանեինք մանկապարտեզը, բայց նա չհամաձայնեց»,- ասաց գյուղապետը:

 

Հուսանք` պատկան մարմինները կանդրադառնան խնդրին, և մանկապարտեզի դռները երկար փակ չեն մնա: 

 

Կարինե Հարությունյան