Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ մեկ օր առաջ ԱԺ նիստում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Զարուհի Փոստանջյանից «կրծքով պաշտպանող» ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը՝ կրկին նույն առաքելությամբ: Հետաքրքրական է, որ Հայկ Գրիգորյանից առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով կրկին խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելու և նրա որդուն պատասխանատվության ենթարկելու մասին:
«Ես մտադիր չէի այսօր ելույթ ունենալ, բայց, տեսնելով, որ իմ որոշ գործընկերներից մեկն ինչպես է զարկ տվել իր մթագնած երևակայությանը, անիմաստ ու բովանդակազուրկ մտքեր է արտահայտում այս բարձր ամբիոնից, չեմ կարող չպատասխանել նրան: Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր, շունչները պահած, սպասում են, որ մի դժբախտ դեպք տեղի ունենա Սյունիքում, հատկապես` Գորիսում, և նրանք սկսեն իրենց նեխած մտքերը կամ Գյուլնազ տատի հեքիաթները մատուցել հանրությանը»,- հայտարարեց երիտասարդը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքերին, որոնք, ըստ նրաի, ցանկացած մարդու համար անընդունելի են ու դատապարտելի:
Նա նշեց, որ իր մոտեցումն է` եթե մարդն անօրինական քայլ է կատարել, պետք է ենթարկվի պատասխանատվության: «Դատապարտել» բառը իմ գործընկերոջ համար դարձել է փնովելու հոմանիշ: Նա իր ողջ ջանքերը գործադրում է, որ Սյունիքի մարզպետի որդուն դարձնի մեր ժամանակների հակահերոս: Դա միայն նրա ճղճիմ մտքերի արգասիքն է: Կոչ եմ անում վերջ տալ այդ տգեղ սովորությանը, քաղաքական դիվիդենդներ շահելուն: Հիմա եթե պարզվի, որ Տիգրան Խաչատրյանի մեղավորությունը հավասար է զրոյի, և նա կապ չունի տղաներին հարվածելու հետ, մեջներդ կլինի՞ այդքան մարդկություն, որ հրապարակավ ներողություն խնդրեք ձեր հնչեցրած մտքերի համար: Շատ եմ կասկածում: Ինձ անհանգստացնում են իմ գործընկերներից մեկի հոգեկան ու մտավոր վիճակը և նրա առողջական խնդիները, որովհետև մարդասիրության օրենքները ենթադրում են կարեկցել հոգեկան պրոբլեմ ունեցողին: Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել հոգեկան ու բժշկական աջակցություն և դիմել համապատասխան մասնագետներին»,- հայտարարեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը պատգամավոր է դարձել Սուրիկ Խաչատրյանի ջանքերի շնորհիվ եւ համարվում է նրա մարդը խորհրդարանում: