կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-16 15:32
Քաղաքական

Նորաստեղծ «Ալյանս»-ը իրեն հռչակեց ընդդիմադիր քաղաքական ուժ

Նորաստեղծ «Ալյանս»-ը իրեն հռչակեց ընդդիմադիր քաղաքական ուժ

Այսօր  Կառավարության ընդունելությունների տան դահլիճում տեղի ունեցավ  քաղաքական դաշտում նոր ստեղծված կուսակցության`  «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը: Նախ հայտարարվեց, որ կուսակցությանը անհայտ պատճառներով չեն , ահա ինչու բազմաթիվ երիտասարդներ ոտքի վրա են հետևում հիմնադիր համագումարին:


«Ալյանս» կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էր 1017 պատվիրակ: Համագումարին մասնակցում էին  ԲՀԿ պատգամավոր Վահրամ Բաբայանը, Բազմասեր Առաքելյանը, ԲՀԿ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Արագած Ախոյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը,  «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:


ԲՀԿ-ից հեռացած ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց «Ալյանս»-ի նախագահ, որն էլ կուսակցությունը հռչակեց ընդդիմադիր քաղաքական ուժ:


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Տիգրան Ուրիխանյանի կողմից անձնական, այլ ոչ կուսակցական  հրավեր է ստացել:


«Ժամանակը ցույց կտա, այս նոր կուսակցությունը կկարողանա՞ իրեն գտնել կամ ոչ: Այն, որ այս դահլիճում այսօր այսքան երիտասարդ է հավաքվել, դա կուսակցության խոստումնալից մեկնարկ է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:


Նա դժվարացավ  մեկնաբանել, արդյոք՞ ԲՀԿ-ից հիասթափված երիտասարդներն են մաս կազմել նորաստեղծ կուսակցությանը:


ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ ողջունեց նոր կուսակցության մուտքը քաղաքական դաշտ, և կարծիք հայտնեց, որ նորաստեղծ կուսակցությանը պետք է դիտակել բովանդակության, այլ ոչ` ձևի տեսանկյունից:


«Այն, որ այսօր քաղաքական համակարգը կարիք ունի ռեստարտի, և կարիք ունի գաղափարական ու ծրագրային համախմբման, դրա անհրաժեշտությունը իրոք կա: Հուսանք, որ այս նոր ստեղծված քաղաքական միավորը չի դառնա հասարակության մեջ հերթական պառակտիչը, այլ կփորձի ծրագրերի հավուր պատշաճի մրցակցության միջոցով ապահովել երկրում քաղաքական բարեփոխումների միասնական պլատֆորմի ձևավորումը»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հույս հայտնելով, որ նորաստեղծ կուսակցության գաղափարները չեն մնա թղթի վրա, այլ կիրագործվեն կյանքում:


«Անկախ մեր նեղ խմբային շահերից, պետք է մտածենք, որ այս երկիրը մեր բոլորի երկիրն է: Հույս ունենք, որ այս քաղաքական ուժը կկարողանա նոր խոսք բերել քաղաքական դաշտ և հնարավորություն կտա մյուս քաղաքական ուժերին համագործակցել»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:


Նրա խոսքով` ցենտրիստական գաղափարախոսությունը, որը հռչակում է «Ալյանս»-ը , դրա անհրաժեշտությունը կա, անկախ այն բանից, որքան հետևորդներ կունենա, և որ այդ գաղափարախոսությունը միանշանակ օգտակար կլինի Հայաստանի քաղաքական դաշտի համար, եթե իհարկե, չմնա թղթի վրա:


Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը նշեց, որ դեռ չի կարդացել կուսակցության գաղափարախոսության մասին, և եկել է ողջունելու, քանի որ Տիգրան Ուրիխանյանը իր ընկերն է:


ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը նույնպես ողջունեց իր երիտասարդ գործընկերոջ հիմնադրած կուսակցության մուտքը, հույս հայտնելով, որ այն կկարողանա կայանալ քաղաքական դաշտում:


Իսկ կուսակցության նախագահ ընտրված Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում դրական ուրախացնող համարեց  այն փաստը, որ Հայաստանում դեռ մնացել են իրավիճակի վրա ազդելու փորձեր անող քաղաքացիներ:


Նա պատասխանեց բոլորին հուզող այն հարցին, թե որքանով է նպատակահարմար բազամթիվ գործող, գրանցված կամ թղթի վրա գոյություն ունեցող տասնյակ կուսակցությունների կողքին ստեղծել ևս մեկ կուսակցություն:


Տիգրան Ուրիխանյանի խոսքով` քաղաքական դաշտում ակտիվ գործում են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդամենը մի քանի կուսակցություն:Նա հիշեցրեց բոլորին ընդամենը մի քանի ամիս առաջ խորհրդարանում գործող երեք  կուսակցությունների համագործակցության մասին, որը մշակել էր սոցիալ, տնտեսական, իրավական խնդիրների լուծման օրակարգ:


«Ինչ տեղի ունեցավ փետրվարին, հայտնի է բոլորին:Ցավոք սրտի ընդդիմադիր ոչ իշխանական քաղաքական ուժերի միավորումը տապալվեց, իսկ հետո ապաակտիվացավ: Եվ հաշվի առնելով այս հանգամանքները, արդյոք՞ չկա անհրաժեշտություն քաղաքական դաշտը համալրել ևս մեկ ընդդիմադիր քաղաքական ուժով և ուժեղացնել ընդդիմադիր դաշտը: Կա»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: