կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-15 13:21
Քաղաքական

Պալաչը Հայաստանը «օրինական երկիր» հռչակեց

Պալաչը Հայաստանը «օրինական երկիր» հռչակեց

«Քինգ դե լյուքս» ՍՊ ընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նախկինում լարված հարաբերություններով աչքի ընկած Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ եթե ուրիշների համար ինչ-որ բան փոխվել է, ինքը շարունակում է վստահ լինել, որ ընտրվելու է Աբովյանի քաղաքապետ: «Ես վստահ եղել եմ, վստահ եմ և վստահ էլ կլինեմ: Դրա մասին չենք խոսում»,- հայտարարեց նա:

 

Ուշագրավ է, որ Հարությունյանը շեշտեց, թե ընտրություններից առաջ իր անունը մամուլում շատ շրջանառելն իբր վնասակար է իր համար: «Բոլոր թեկնածուներն էլ նորմալ թեկնածուներ են, բոլորն էլ ունեն ընտրազանգված: Ժամը կգա, կհայտարարվի ընտրությունների օրը, կխոսենք: Հիմա ավելորդ է ավելին ասելը: Իմ տրամադրվածությունը, իմ վստահությունը, որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Կգա օրը, կհայտարարեն ընտրությունները, թեկնածուները կառաջադրվեն, ու արդեն ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:

 

Մեր այն հարցին, թե ինչ-որ մեկի, իսկ ավելի կոնկրետ՝ գուցե իշխանությունների թույտվության ու հովանու ներքո՞ է թեկնածուների վստահությունը աճում, Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ ճանաչում մի հատ ընտրություն, որ իշխանությունների թույլտվությամբ է անցել, դա լինում է միայն անօրիանական երկրներում: Ես մեր երկիրը համարում եմ օրինական երկիր: Ընտրություն է, ով կամենում է, առաջադրվում է, ով կարողանում է, հաղթում է և աշխատում»:

 

Արթուր Հարությունյանը նշեց նաև, որ իր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ լավ են, և ընտրվելու դեպքում ինքը կարող է աշխատել նրա հետ: «Մեր հարաբերությունները շատ լավ են: Իմ հարաբերությունները բոլորի հետ էլ լավ են: Ծառուկյանի փեսայի հետ էլ, Ծառուկյանի հետ էլ, բոլորի հետ էլ իմ հարաբերությունները շատ նորմալ են, շատ դրական են»,- ընդգծեց նա: