Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԵՑ) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել: Ըստ այդմ՝ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը վաճառված ՀԵՑ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը թանկացնել 16 դրամով կամ 38 տոկոսով և սահմանել 58 դրամ:
Թե ՀԾԿՀ-ի կողմից ընկերության հայտը նույնիսկ մասնակի բավարարելն ինչ հետևանքներ կունենա սպառողների բյուջեի և գնողունակության վրա, դժվար է անգամ պատկերացնել: Սակագնի բարձրացումը գուցե լիներ արդարացված, եթե այն բավարար և համոզիչ հիմքեր ունենար:
Մինչդեռ դրա նախադրյալները չկան. այն, ինչ տեղի է ունենում ՀԷՑ-ի և էլեկտրաէներգիայի սակագների հետ վերջին երեք տարվա ընթացքում, ավելի շատ հիշեցնում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության և ՀԾԿՀ-ի համատեղ ջանքերով իրականացվող աճպարարության երկարատև և ինչ-որ իմաստով հանցավոր սեանս:
Անցած տարի օգոստոսին, ինչպես հայտնի է, սակագինը թանկացավ մոտ 4 դրամով: Նախաձեռնողը, որքան էլ զարմանալի է, ՀԾԿՀ-ն էր: Պաշտոնական հիմնավորումն այն էր, թե հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների` 2014-2015թթ. կանխատեսումները և պարզել, որ սպասվում են համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ:
Ելնելով դրանից՝ հանձնաժողովը սկսեց էլեկտրաէներգիայի արտադրության, ծառայությունների մատուցման և վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց, որն էլ, ի վերջո, հանգուցալուծեց` սակագնի բարձրացման որոշումն ընդունելով: Այսինքն` հանձնաժողովը փաստացի անձնազոհաբար իր վրա վերցրեց սակագնի բարձրացման պատասխանատվությունը՝ դրա դեմ բողոքող քաղաքացիական շրջանակներին համոզելով, որ հակառակ դեպքում համակարգը հայտնվելու էր ճգնաժամում:
Թվում էր, թե ոչ այնքան սակագնի բարձրացումը, որքան համակարգում հանձնաժողովի կողմից իրավիճակի ուսումնասիրությունը կնպաստի ՀԷՑ-ի խնդիրների լուծմանը, քանի որ այն հնարավորություն էր տալիս լիարժեք բացահայտելու ոչ միայն սակագինը բարձրացնելու հիմնավորվածությունը, այլ նաև համակարգը ճգնաժամի մատնող գործոններն ու պատճառները և ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական ընկերությունից պահանջել անհապաղ վերացնել դրանք:
Մինչդեռ այս տարվա փետրվարին ՀԷՑ-ը ՀԾԿՀ-ի համաձայնեցմանը ներկայացրեց իր` 2015թ. ներդրումային ծրագիրը, որով նախատեսում էր այս տարի համակարգի բարելավման համար կատարել 8 մլրդ 392 մլն դրամի ներդրում: Սակայն նույն այդ ծրագրից հետևում է, որ ներդրումների ֆինանսավորման աղբյուրները լինելու են «սակագնային մարժայի հաշվարկում ներառված մաշվածությունը, շահույթը, ինչպես նաև փոխառու դրամական միջոցները»: Իսկ շահույթը, ինչպես հայտնի է, ձևավորվում է վաճառված ապրանքից` որքան ծավալները շատ են, այնքան մեծ է շահույթը:
Եվ քանի որ էլեկտրաէներգիան այն ապրանքն է, որը որևէ այլ ապրանքով փոխարինել հնարավոր չէ, իսկ սպառողների քանակն էլ Հայաստանում շատ սահմանափակ է, շահույթի մեծացման միակ միջոցը մնում է ապրանքի թանկացումը: Դրան գումարած՝ ՀԷՑ-ը երբեք չի հերքել, որ առաջացած խնդրի հիմնական պատճառներից մեկը համակարգում էլեկտրաէներգիայի հսկայական կորուստների խնդիրն է, որը տարիներ շարունակ ոչ միայն չի լուծվում, այլև դրա ծավալը շարունակ աճում է՝ նորմատիվային 12 տոկոսի փոխարեն հասնելով 14 տոկոսի: Զուտ գումարային առումով այդ հավելյալ կորուստը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ՝ հաշվի չառած, որ ինքնին 12 տոկոսը ևս չափազանց շատ է Հայաստանի նման փոքր երկրի, սահմանափակ սպառողների և գերսահմանափակ տնտեսության պարագայում:
Հետևաբար, ստացվում է, որ կրած հսկայական վնասները, որոնք առաջացել են, մի կողմից, ցանցերի անարդյունավետ մենեջմենթի, մյուս կողմից՝ մեծ կորուստների պատճառով, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն ու ՀԾԿՀ-ն, ուս ուսի տված, փորձում են վերականգնել սպառողների հաշվին: Սա էլ նշանակում է, որ խոստացված ներդրումներն իրականում ոչ թե «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»ընկերությունն է անում, այլ սպառողները՝ սեփական գրպանից: Սա այլ կերպ, քան գրպանահատություն, դժվար է որակել:
ՀԾԿՀ-ի կողմից այստեղ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի շահերով առաջնորդվելու իրողությունը թվում է անառարկելի: Եթե մեկ տարի առաջ ՀԾԿՀ-ն հաշվարկել էր, որ համակարգում խնդիրները լուծելու համար բավարար է էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 4 դրամով բարձրացնելը, ինչի հետ մի կերպ հասարակությունը հարմարվեց, ապա ինչո՞ւ պետք է, մեկ տարի չանցած, ընկերությունը կրկին սակագին բարձրացնելու հայտ ներկայացնի, այն էլ` միանգամից 38 տոկոսի չափով՝ առանց թե' կորուստները նվազեցնելու և թե' մենեջմենթի որակը բարձրացնելու ուղղությամբ մատը մատին խփելու: Իսկ եթե սակագնի բարձրացման իրական պատճառը փոխարժեքի փոփոխությունն է, ապա այն այնպիսի ծավալների է, որ 38 տոկոսով սակագին բարձրացնելու հայտ ներկայացնելու հիմք է տալիս:
Բայց սա արդեն մի խնդիր է, որը նույնիսկ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» -ի և, առհասարակ, որևէ տնտեսվարող սուբյեկտի հետ կապ չունի: Շահույթ հետապնդող ցանկացած կազմակերպություն ձգտում է հնարավորինս քիչ ծախսերով ստանալ առավելագույն արդյունք:
Ինչո՞ւ պետք է ռուսական երես առած ընկերությունն իրեն նեղություն տա դուստր կազմակերպության ներքին ճգնաժամը հաղթահարել իր ռեսուրսներով, եթե կա պետություն, որը հոժարակամ պատրաստ է այդ խնդիրը լուծել սեփական քաղաքացիների միջոցների հաշվին: Տվյալ դեպքում որևէ նշանակում չունի՝ այս իրավիճակը ՀԷՑ-ում առաջացել է նման անփութության, անպատասխանատվության համար գործունության լիցենզիայից զրկելու իրավական հիմքերի բացակայությա՞ն, թե՞ դրանք չկիրառելու արդյունքում:
Փաստն այն է, որ, կամա, թե ակամա, ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմինն անգամ մեկ ռուսական ընկերության սանձերը քաշելու կարողություն ու համարձակություն չունի, թեև պարզ է, որ հանձնաժողովն այստեղ փաստացի միայն քաղաքական որոշումները կատարող է: Որքան ամոթալի է նման խեղճությունն` առհասարակ, կրկնակի ամոթալի է, երբ դրա համար ստիպում են հատուցել առանց այն էլ սոցիալական հոգեվարք ապրող սեփական հասարակությանը:
Գևորգ Դարբինյան