Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ ավանդական ճեպազրույցում խոսելով ներկա պահին ՍԴ-ում քննվող պարտադիր կուտակայինի օրենքի մասին, հայտնեց, որ գալիս է հենց ՍԴ-ից, լսել է դիմող կողմի առաջին ելույթները և կարող է ներկայացնել անգամ այնտեղ նստած ունկնդիրների տպավորությունները: Նրա խոսքով` այն փաստերը, որոնք ներկայացվում են ՍԴ-ին, անհերքելի են, մասնավորապես` խտրականության և սեփական իրավունքի խախտումների հարցը, սակայն դեռ շատ այլ հարցեր կան, քանի որ հարցն ինքնին տարողունակ է:
«Կարծում եմ՝ սա անկյունաքար է ՍԴ համար, որովհետև այսպիսի ակնհայտ խախտումներ` իրավական նորմերի խախտումներ, որոնք առաջացնում են միջազգային խարտիաների հետ անհամապատասխանություն, դեռ չէր եղել: Հույս ունեմ, որ ՍԴ-ն կանտեսի քաղաքական ցանկացած ճնշում ու փաստարկ, դուրս կգա այդ հարթությունից եւ զուտ իրավական տեսանկյունից կկայացնի որոշում»- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ ՍԴ-ն կգնա միջանկյալ տարբերակով, այսինքն` կտա իրավական դիրքորոշում, որը մոտավորապես նման կլինի հայ-թուրք արձանագրությունների ժամանակ առաջացած իրավիճակին, երբ ՍԴ-ն որոշեց, որ միջանկյալ դիրքորոշումը չի հակասում օրենքին՝ նկատի ուեննալով իրավական դիրքորոշումը: Այդ դեպքում, ըստ պատգամավորի, էական փոփոխություններ կկատարվեն օրենքում, և ամբողջ փաթեթը պետք է վերանայվի:
Արմեն Ռուստամյանը համոզված է, որ օրենքի խորքային քննարկման ընթացքում կապացուցվի, որ այն տեսքով, որով ներկայացվում է օրենքը, այն տարբեր է Չիլիի օրինակից: «Այն, ինչ Հայաստանում է ներդրվում, ունիկալ է, որևէ երկրում նման ձևով չի դրվել, ինչպես առաջարկվում է կիրառել Հայաստանում: Կարծում եմ` տրամաբանված քաղաքացիական հասարակությունը և քաղաքական ուժերը լուրջ հիմնավորված պայքար են տանում: Ես հավատում եմ հաջողությանը»,- ասաց պատգամավորը: