կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 12:58
Քաղաքական

Իշխանափոխություն` փուլ առ փուլ տարբերակով

Իշխանափոխություն` փուլ առ փուլ տարբերակով

Ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումների համատեքստում նախատեսվում է ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը:

 

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին: «ԲՀԿ-ն է առաջարկել օրակարգը, բայց մենք գնում ենք նաև մեր օրակարգով»,- ասաց նա:

 

Հանդիպման օրվա մասին` Yerkir.am-ի հարցին ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ այն նախատեսված էր այսօր, բայց ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր է անցկացվի կա'մ այսօր, կա'մ վաղը:

 

Խոսելով ներքաղաքական կարևոր գործընթացների մասին, թե ինչպե՞ս է հնարավոր կառավարության հրաժարական, եթե հանրապետական մեծամասնությունը, միևնույն է, կառավարության անդամներ է նշանակելու է իր թիմից, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Հանրապետականի` քաղաքական մեծամասնություն լինելը չի արտահայտում խորհրդարանից դուրս պատկերը, այսինքն՝ իրականությունը:

 

Ըստ նրա` ոչ իշխանական չորս ուժերը մշակում են կառավարության հրաժարականի օրակարգը: Հարցին, թե ինչպե՞ս են գնում իշխանափոխության, եթե կան քաղաքական ուժեր, որոնք չեն ուզում գնալ ամբողջական իշխանափոխության, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես չասացի, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում իշխանափոխություն, ես ասում եմ, որ քաղաքական ուժերը ուզում են գնալ փուլ առ փուլ իշխանափոխության ճանապարհով»:

 

Նա նաև մեջբերեց Ուկրաինայի օրինակը, երբ կառավարության հրաժարականից երեք օր անց նախագահը փախավ երկրից:

 

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին`  ոչ իշխանական չորս ուժերի կողմից նախատեսվո՞ւմ են ակտիվ հանդիպումներ քաղաքացիների հետ, Ռուբեն Հակոբյանը նշեց. «Անշուշտ, խորհրդարանի պատերի ներսում չպետք է իրականացվի այդ իշխանափոխությունը: Դրա օրակարգի հեղինակային իրավունքը պատկանում է հասարակությանը»: Ըստ պատգամավորի` դրա վառ օրինակներից մեկը կուտակայինն է, գազի հետ կապված հարցերը և շատ այլ կարևոր հարցեր: