կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-15 18:24
Քաղաքական

Պետք է հնարավորություն լինի, որ գործարարները հարկեր մուծեն, ոչ թե դա լինի քերելու տարբերակով. ՄԱՊ-ի Ալիկ

Պետք է հնարավորություն լինի, որ գործարարները հարկեր մուծեն, ոչ թե դա լինի քերելու տարբերակով. ՄԱՊ-ի Ալիկ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ-ի սեփականատեր Ալիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով վարչապետի հետ խոշոր գործարարների հետ հանդիպման մասին, նշեց, որ ինքը գնացել է այդ հանդիպմանը` որպես ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ:

 

«Բա չգնա՞նք, չտեսնենք` ի՞նչ օրենքների մասին է խոսվում, չէ՞ որ էդ օրենքները բերվելու են տնտեսական հարցերի հանձնաժողով` քննարկման»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ գործարարներն այսուհետ ազնիվ աշխատեն, և արդյո՞ք մաքուր աշխատելուն նպաստում է մեր օրենսդրությունը, Ալիկ Պետրոսյանը պատասխանեց. «Նախ` ես հավատում եմ, որ դրական բարեփոխումներ կլինեն: Չեմ գտնում, որ Հայաստանի գործարարները էդքան շատ անազնիվ են: Հանդիպման ժամանակ խոսքը գնացել է, որ հնարավորինս թափանցիկ աշխատեն գործարարները»:

 

Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտին, Ալիկ Պետրոսյանը նշեց, որ վարչապետն ասել է, որ ազնիվ աշխատելու համար, եթե պետք է լինելու փոխել օրենսդրությունը, ապա անպայման պետք է փոխել այն: Նա վստահեցնում է, որ բոլոր գործարարների համար ցանկալի է, որ նրանք աշխատեն օրենքի դաշտում, այլ ոչ թե ստվերում, բայց եթե օրենքներ կան, որ ժամանակին ընդունվել են, բայց այսօրվա պայմաններին չեն համապատասխանում, ուրեմն դրանք պետք է փոփոխվեն: «Պետք է դրական բարեփոխումներ լինեն, օրենսդրությունը փոփոխվի, որ հնարավորություն լինի ազնիվ աշխատելու, որ գործարարները կարողանան մեծացնել իրենց բիզնեսը, մուծեն հարկերը, ոչ թե լինի քերելու տարբերակով»,- ասաց Ալիկ Պետրոսյանը: