կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-08 17:44
Իրավական

Լիսկան ծեծված տղայի հետ «զրուցել է» իր պանսիոնատում. նոր մանրամասներ

Լիսկան ծեծված տղայի հետ «զրուցել է» իր պանսիոնատում. նոր մանրամասներ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի հերթական աղմկոտ միջադեպից հետո ընդհատակ է անցել: Նա բացարձակապես հեռախոսազանգերի չի պատասխանում: Սակայն գնալով թեժանում են միջադեպին նրա որդու և եղբորորդիների մասնակցության մասին լուրերը: Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սուրիկ Խաչատրյանի և տուժած տղաներից մեկի, այսպես ասած, հանդիպման մասին:

 

Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը քաջատեղյակ է եղել դեպքին և Երևանից շտապ ժամանել է «դեպքի վայր»: Ծեծված տղաներից Մուշեղին բերել են Գորիսի Սդղի գյոլի տարածքում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող պանսիոնատը, որտեղ և կայացել է «զրույցը»: Այդ ընթացքում դաժան ծեծի ենթարկված Հարությունն անօգնական ընկած է եղել, նրան օգնության է հասել հորեղբոր որդին և, 100 մ քարշ տալով, հազիվ կարողացել է տեղափոխել հիվանդանոց:

 

Ի դեպ, ասում են` Սդղի գյոլ կոչվող տարածքը Սուրիկ Խաչատրյանի համախոհների մշտական «ռազբորկաների» վայրն է: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է խմբի տղաներին՝ Զաքարյան եղբայրների դեմ ցուցմունք տալ, թե իբր նրանք են հրահրել վեճը, սակայն Զաքարյանները պնդում են, որ անձամբ Տիգրանն է իր բջջայինով զանգահարել տղաներին, այն էլ` մի քանի անգամ և կանչել` հաշիվ պարզելու: Զաքարյանների հարազատների խոսքով՝ քննչական մարմինն այդ հանգամանքը կարող է ստուգել Տիգրանի հեռախոսազանգերի վերծանումների միջոցով: Զաքարյանների դեմ ցուցմունք տալով` Սուրիկ Խաչատրյանի համախոհները երևի կարծել են, թե Բուդաղյաների գործի պես ողջ մեղքը կընկնի հենց տուժածների վրա, և հետագայում նրանք էլ կկանգնեն դատարանի առջև:

 

Սակայն, yerkir.am-ի տեղեկություններով, Զաքարյաններին այցելած քննիչը տեղեկացրել է, որ նրանց վրայից միջադեպը հրահրելու կասկածանքը հանվել է, և որ միջադեպի հանգամանքները պարզելու համար մի շարք անձինք են հարցաքննվել:

 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին: Դեպքից երկու օր անց մարզի դատախազության կողմից արարքին սխալ իրավական գնահատական է տրվել, և քրեական գործ է հարուցվել ոչ թե քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է ծանր վնաս և կատարվել է մի խումբ անձանց կողմից, այլ` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Այս հանգամանքին մանրամասն և հիմնավոր անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ: