կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-08 15:47
Իրավական

Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Գորիսում ծեծված տղաներից մեկի հետ

Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Գորիսում ծեծված տղաներից մեկի հետ

Արդեն հայտնել ենք, որ, yerkir.am-ի տեղեկություններով, մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով այսօր կհարցաքննվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Նրան և միջադեպին մասնակից այլ անձանց երեկ նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել:

 

Որոշ տեղեկությունների համաձայն ՝ իրավապահներն արդեն պարզել են այն անձի ինքնությունը, «որի հարվածներից» Զաքարյան եղբայրները ծանր վնասվածքներ են ստացել: Չի բացառվում, որ հենց այդ անձն էլ ծեծի ողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա՝ այդկերպ փրկելով մարզպետի որդուն` չնայած տուժածների մոր այն պնդումներին, որ որդիներին վնասվածք պատճառողը հենց Տիգրանն է եղել:

 

Մեր տեղեկություններով՝ կատարվածի մասին խուսափում են ցուցմունք տալ տուժած Զաքարյան եղբայրները: Հարությունին երեկ վերջապես այցելել է քննիչը, սակայն տուժողը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, որ ի վիճակի չէ: Սակայն երեկ yerkir.am-ի հետ զրույցում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը հայտնել էր, որ թեև Հարություն Զաքարյանի վիճակը ծանր է, բայց նա ի վիճակի է բացատրություն տալ:

 

Ասում են` ցուցմունք չտալու պատճառն այն է, որ Զաքարյաններին, այսպես ասած, պատիվ չի բերում ինչ-որ մեկի դեմ ցուցմունք տալը՝ մանավանդ, որ «թասիբով տղաներ են» և Գորիսում ոչ պակաս հարգանք են վայելում:

 

Մեր տեղեկություններով՝ ծեծված Հարությունին երեկ այցելել է նաև Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը: Հիշեցնեք, որ մեզ հետ զրույցում Զաքարյանների հարազատները հայտնել էին, որ սա այսպես չեն թողնելու: Այն որ` այս միջադեպից հետո հնարավոր է այլ զարգացումներ լինեն: Դա կախված է այն հանգամանքից, թե ինչ ընթացք կունենա այս միջադեպի փաստով հարուցված գործը:

 

Հիշեցնենք,  որ մարզի դատախազի կողմից պահանջված նյութերով դատախազի տեղակալ Ավետիսյանի կողմից քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ նշված հոդվածը վերաբերում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Իսկ միջադեպը տեղի է ունեցել,   այսպես ասած, չոլում՝ Գորիսի Սդղի գյոլ տարածքում, այլ ոչ թե հասարակական վայրում: Մեր տեղեկություններով՝ քննիչներն այժմ դեպքին ականատես վկաների են որոնում, որ գոնե այդ կերպ հիմնավորեն, որ խուլիգանությունը կատարվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերվունքի դրսևորմամբ: Աակայն անգամ այս պարագայում արարքը չի կարող դիտվել որպես խուլիգանություն:

 

Հիշյալ հանցատեսակի վերաբերյալ հստակ նախադեպային որոշում ունի նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը: Արման Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ եթե սուբյեկտի գործողությունն ուղղված է կոնկրետ անձի և անձնական դրդումներով է կատարվում, խուլիգանության հանցակազմը բացակայում է: Իսկ այս դեպքում ակնհայտ է, որ հանցագործությունն ուղղված է եղել կոնկրետ անձանց:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծեծի արդյունքում տղաներից մեկին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք` մի խումբ անձանց կողմից, պետք է քրեական գործ հարուցվեր ՀՀ քր. օր. 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով ` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է ծանր վնաս և կատարվել է մի խումբ անձանց կողմից:

 

Դատախազության կողմից արարքին ոչ ճիշտ իրավական գնահատական տալն ամենևին էլ զարմանալի չէ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ՝ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի նկատմամբ «հատուկ վերաբերմունքը»: Թեեւ նախկին մարզպետն ամեն կերպ հերքում է դեպքին որդու մասնակցությունն ու սովորականի պես պատճառաբանում, թե իբր որդին Երևանում է եղել, սակայն, yerkir.am-ի տեղեկություններով, դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է ծեծված տղաներից Մուշեղի հետ և նրա հետ պարզել կատարվածը:

 

Թե ի՞նչ արդյունք է տվել մարզպետի հետ հանդիպումը, ցույց կտա գործի հետագա ընթացքը, մանավանդ` երբ պարզ դառնա՝ արդյո՞ք տուժողները մտադիր են ցուցմունք տալ մարզպետի որդու դեմ, թե՞ ոչ: