Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կալանքի տակ գտնվելու 90 օրերի ընթացքում կյանքից մեծ դասեր է քաղել: Yerkir.am-ի հետ զրույցում նա պատմեց կալանավայրում անցկացրած օրերի, որդիների՝ մարդ առևանգելու մասին լուրերի, առաջադրված մեղադրանքի և նոր ֆիլմի սցենար գրելու մասին:
-Ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը:
-Մասնավոր կլինիկայում բուժզննման էի, նոր եմ դուրս եկել, ֆրանսիական դեղեր են ներարկում: Բժիշկներն ասել են` եթե դրանք չօգնեն, երիկամի ստենտավորում կանեն: Երեկ էլ վերջին անգամ ոտքիս վիրակապը փոխեցին. մի քիչ ուռածություն կա, կոշիկ չեմ կարողանում հագնել, բայց նորմալ ա: Սկզբում ճնշումս միշտ բարձր էր, բայց դիետաներ պահեցի, որի շնորհիվ 21 կգ նիհարեցի, համ էլ ճնշումս կարգավորվեց, հիմա շատ գերազանց ա ՝ 120-80:
-Նեղացա՞ծ եք պետությունից…
-Չէ, Իմ երկրի օրենքն ա: Իհարկե, պետք ա օրենքով սահմանված կարգով աշխատենք, պարզապես հաշվապահական սխալ է եղել: Բայց էդ մարդն էլ կապ չունի, ինքը դիտավորյալ չի արել:
-Դուք նախկինի պես պատրա՞ստ եք համագործակցել նախաքննական մարմնի հետ:
-Այո’, ես միշտ ասել եմ, որ եթե իմ ձեռնարկություններից ինչ-որ մեկը սխալ հաշվարկ արած կլինի կամ դիտավորյալ, ես կվճարեմ այդ գումարները:
-Այս ընթացքում Ձեր բիզնեսում կորուստներ ունեցե՞լ եք:
-Ամեն մարդ դժվարությամբ է գումարը վաստակում: Դժվար, ճիշտն ասած, չեմ էլ հետաքրքրվել դեռ, որովհետև սխալ կլինի բերդից դուրս գամ ու միանգամից հարձակվեմ գործի վրա: Իմ տղաները լուրջ տղաներ են, աշխատում են:
-Ի վիճակի՞ եք փոխհատուցել պետությանը պատճառված` 550 մլն դրամի վնասը, եթե ապացուցվի Ձեր մեղավորությունը:
-Տույժ-տուգանքներով է այդքան կազմել: Հիմա իրավաբաններով կտեսնենք` եթե պարզվի` կվճարեմ:
-Ձեր՝ կալանավայրում գտնվելու ընթացքում գործ հարուցվեց Ձեր որդիների՝ Արմեն և Արայիկ Հակոբյանների դեմ` ընկերության տնօրենին ու հաշվապահին առևանգելու դեպքի առթիվ: Այս մասին ի՞նչ կասեք:
-Իմ որդիները ո'չ կարան մարդ առևանգեն, ո'չ նման բան են արել: Երբ որ ինձ ձերբակալել էին, ես զանգեցի տնօրենին, ասացի` դու զգույշ էղի, պախկվի, քեզ էլ չձերբակալեն, մինչև տենանք` ինչ ա լինում:
-Կալանավայրում գտնվելու ընթացքում Ձեզ այցելել կամ Ձեր որպիսությամբ հետաքրքրվե՞լ են պաշտոնյաներ:
-Ես շատ շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, կարելի է ասել` բոլորն էլ անհանգստացել են: Ճիշտ է, տեսակցությունների արգելք կար, բայց մեր տուն են գնացել: Անհանգստացող մարդկանց թիվը շատ է եղել, պատգամավորներ էլ են եղել, ֆիլմիս դերասանների 70 %-ը: Ուղղակի անուններ չեմ կարող տամ. որ մեկինը կամ երկուսինը տամ, մյուսները կնեղանան: Էնպես ա, որ ժամանակին էլ ես եմ նրանց հասել:
-Ի՞նչ է լինելու ֆիլմի ճակատագիրը:
-Ես եմ արգելել ֆիլմը ցուցադրել, գովազդները հանել, քանի որ կալանքի տակ գտնվելու ընթացքում չէի կարող այդ ամենը կանոնակարգել: Հիմա պետք է խորհրդակցեմ մասնագետների հետ՝ տեսնենք, երբ ցուցադրենք: Բնօրինակն ինձ մոտ է, եթե ինչ-որ մեկն էլ փորձի գողանալ, կդատվի:
-Անազատությանն մեջ գտնվելով` ի՞նչ դասեր քաղեցիք կյանքից
-Կյանքից շատ դասեր քաղեցի, տեսա, որ ճիշտ եմ ապրել: Դա շատ հետաքրքիր քննություն է կյանքի համար, չեմ ցանկանա, որ մարդիկ այդ քննությունն անցնեն: Օրվա ընթացքում վերլուծում ես քո կյանքը ու հասկանում, որ շատ սխալներ ես արել, զղջացել եմ իմ սխալների համար:
-Եղա՞ն մարդիկ, ովքեր այս ընթացքում երես թեքեցին Ձեզնից:
-Ո'չ, բոլորովին, հակառակը… Իմ շրջապատում տենց մարդիկ չկան:
-Ինչո՞վ էիք զբաղվում կալանավայրում ազատ ժամանակ:
-Ազատ ժամանակ սցենար եմ գրել, Աստվածաշունչն եմ ուսումնասիրել:
-Ինչի՞ մասին է նոր սցենարը, հանրությանը ե՞րբ այն հասանելի կլինի:
-Կրոնին վերաբերող ֆիլմ է՝ Հայաստանում կրոնի ընդունումից մինչև մեր օրեր: Շատ լուրջ գործ է, պետք է մասնագետների հետ խորհրդակցեմ, երևի մեկ շաբաթից մրցույթ կհայտարարենք, ասուլիս կտանք:
Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ