կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-02 13:25
Մշակույթ

Ոչ ոքի թույլ չտաս ասել, որ դա տեղի չի ունեցել. Մարկ Մուստյանի հայտնի «Ժանդարմը»` նաև հայերենով

Ոչ ոքի թույլ չտաս ասել, որ դա տեղի չի ունեցել. Մարկ Մուստյանի հայտնի «Ժանդարմը»` նաև հայերենով

Ամերիկացի գրող Մարկ Մուստյանի «Ժանդարմը» հայտնի վեպը թարգմանվել է հայերեն: Մուստյանը ժամանել էր Հայաստան` «Գրական տապան» փառատոնի շրջանակներում: «Ժանդարմը» հրատարակվել է ԱՄՆ-ում 2010-ին և արդեն թարգմանվել 10 լեզվով։ Այն արժանացել է Ֆլորիդայի «Ոսկե գիրք» մրցանակին, ներկայացվել Դայթոնի Խաղաղության միջազգային մրցանակին և «Սարոյան» գրական մրցանակին։

 

Yerkir.am-ի հետ զրույցում Մուստյանը նշեց, որ իրեն միշտ «յան»-ով ազգանվան համար հարցնում էին` «հա՞յ ես», և ինքն էլ, ի պատասխան, միշտ պատասխանել է` այո, թեպետ, խոստովանում է, որ իրեն ամերիկացի է ընկալել: Մուստյանը միայն 30-ն անց տարիքում է սկսել հետաքրքրվել իր արմատներով, իսկ մինչ այդ իր հայ լինելը «գիտեր» միայն ազգանվան «յան»-ի շնորհիվ: Մուստյանի հայ նախնիներն ԱՄՆ են գաղթել դեռևս Հայոց ցեղասպանությունից առաջ:

 

«Հայոց ցեղասպանության մանրամասների մեջ սկսել եմ խորանալ՝ կարդալով Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» գիրքը. այն իմ մեջ շատ բան փոխեց` տակնուվրա անելով ներսս: Գիրքն ընթերցելուց հետո ընկալեցի հայ լինելու ողջ միտքը: Դրանից հետո Ցեղասպանության մասին կարդում էի` ինչ ձեռքս էր ընկնում, բայց առավել ուշադիր էի վերապրածների պատմությունների, ավելի ճիշտ` վկայությունների հանդեպ»,- ասում է Մուստյանը` հավելելով, որ այդ ամենը կարդում էր փոքր հատվածներով, քանի որ ծանր էր իր համար:

 

Գրողը նշում է` Ցեղասպանության մասին ամեն ինչ կարդալուց և մարսելուց հետո է որոշել գրել իր վեպը: Մուստյանը ցանկացել է առաջին դեմքով գրել վեպը, բայց քանի որ նման պատմություններ շատ կային, որոշել է թուրքի տեսանկյունից ներկայացնել փաստերը՝ հասկանալու, թե ի՞նչ են նրանք մտածել, ինչպես թույլ տվել, որ դա տեղի ունենա: Ի դեպ, Մուստյանը գիրքը գրելուց առաջ գնացել է Թուրքիա, Դեր Զոր, զրուցել մարդկանց հետ, անցել այն վայրերով, որտեղով անցել են հայերի քարավանները:

 

Մուստյանի «Ժանդարմը» բեսթսելեր է, վաճառվել է 20 միլիոն օրինակով: Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը գիրքը որակել է որպես կարևոր և անզուգական ճանապարհորդություն: Գիրքը, սակայն, 7 տարվա ընթացքում է կյանքի կոչվել, քանի որ, ինչպես նշում է հեղինակը, իր գրական գործակալը վեպը կարդալուց հետո որոշել է չհրատարակել այն, քանի որ Ցեղասպանության մասին է եղել: «Նա ինձ առաջարկեց, որ ամբողջ պատմությունը ներկայացնեմ ժանդարմի հոր անունից, իսկ ես հրաժարվեցի: Մի քիչ մտմտաց, հետո համաձայնվեց»,- ասում է Մուստյանը:

 

Նրան, սակայն, այդպես էլ չի հաջողվում համոզել թուրք հրատարակչին, ով, չնայած պայմանավորվածությանը, հետո հրաժարվել էր գիրքը Թուրքիայում հրատարակելու մտքից:

 

Վեպի սյուժեն` համառոտ

92-ամյա ամերիկաբնակ թուրք Էմեթ Քոնը տեղեկանում է, որ գլխուղեղի ուռուցք ունի։ Ծանր հիվանդ ծերունուն այցի են գալիս տարօրինակ հիշողություններ՝ մղձավանջային տեսարաններ, որոնցում նա՝ 17 տարեկան պատանի ժանդարմ, գերեվարում է հայերին, նրանց հալածում ու բռնության ենթարկում։ Իր անունն էլ ոչ թե Էմեթ Քոն է, այլ Ահմեդ Խան։ Տղան սիրահարվում է մի գաղթական հայուհու, ով արտասովոր գեղեցկություն ուներ, յուրահատուկ` միմյանցից տարբերվող աչքեր։ Թուրք ժանդարմին սերը վերափոխում է. սկսում է զղջալ հայերի սպանդին մասնակցելու համար և հալածողից վերածվում է աքսորյալների պաշտպանի: Ապա, մասնակցելով Գալիպոլիի ճակատամարտին, ծանր վիրավորվում է։ Բրիտանացիները նրան սխալմամբ տեղափոխում են Անտանտի հիվանդանոց։ Սակայն ապաքինվելուց հետո Ահմեդը կորցնում է հիշողությունը, ամուսնանում ամերիկացի բուժքրոջ հետ։ Եվ սկսվում է նոր կյանքը՝ զերծ անցյալի հիշողություններից ու հայերի ջարդերի պատկերներից, մինչև որ գլխուղեղի ուռուցքը 92-ամյա ծերունուն անցյալի հուշերի հետ վերադարձնում է նաև նրա խղճի վրա ծանրացած մեղքի զգացումը։

 

«Ես Թուրքիայից եմ։ Մասնակցել եմ պատերազմին։ Վիրավորվել եմ, հետո ինձ փրկել են։ Ներգաղթել եմ։ Հայր եմ։ Սակայն չեմ կարող նրան ասել, թե ինչ է տեղի ունեցել այդ ամենից առաջ, այն ամենը, որ ես գիտեմ և հիմա սկսել եմ վերհիշել։ Որ ես եղել եմ ժանդարմ… մարդասպան։ Որ դա իմ ամոթն է»,- խոստովանում է ծեր Ահմեդը։

 

Վեպի վերջում նա ներողություն է հայցում ու մեկ այլ՝ ծանրագույն խոստովանություն անում. «Ոչ ոքի թույլ չտաս ասել, որ դա տեղի չի ունեցել։ Դա եղել և շարունակում է մնալ ցեղասպանություն»: