Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկման ներկայացրեց կառավարության եզրակացությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել, մասնավորապես` կառավարությանը պատգամավորների կողմից հարցեր տալու կարգի մեջ փոփոխություններն այնպես կատարել, որ նիստի սկզբում առաջինը հնչեցվեն բանավոր հարցերը, որից հետո հնչեն գրավոր հարցրերը, և դա Թևան Պողոսյանը պատճառաբանում է նրանով, որ երբեմն գրավոր հարցերն այնքան շատ են լինում, որ բանավոր հարցերի համար ժամանակ չի մնում: Պատգամավորը նաև առաջարկում է, որ սկզբում իրենց բանավոր հարցերը տան ընդդիմադիր երկու պատգամավորներ, որից հետո` երկու անկախ պատգամավորներ:
«Պետք է արձանագրել, որ մեր երիտասարդ պառլամենտարիզմի պատմության մեջ ընդամենը մեկ դեպք է եղել, երբ գրավոր հարցերը հնչեցնելուց հետո ժամանակ չի մնացել բանավոր հարցերին»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ նշելով, որ պատգամավորի առաջարկությանը տրվում է բացասական եզրակացություն, և շեշտելով, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում նախատեսված կարգը ամենահաջողն է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առարկեց` ասելով. «Ես կարծում եմ, որ սա կառավարության խնդիրը չէ, դա խորհրդարանի խնդիրն է: Հիմա մեզ որոշ պատգամավորներ անհիմն, անտեղի մեղադրում են, իբր մենք խուսափում ենք բանավոր հարցերից ու կազմակերպում ենք գրավոր հարցեր, բայց գրավոր հարցերին պատասխանելը կանոնակարգ-օրենքի պահանջն է, մենք պարտավոր ենք պատասխանել: Թող իրենց հարցերը չտան, մենք էլ չպատասխանենք: Իզուր ենք բացասական կարծիք տալիս, թող իրենք որոշեն՝ գրավո՞ր, թե՞ բանավոր: Փաստորեն, մենք ինչ է, վախենո՞ւմ ենք իրենց գրավոր հարցերին պատասխանել, թե՞ պատրաստ չենք: Պետք չի, որ մենք բացասական կարծիք հայտնենք»:
Հովհաննես Մանուկյանը նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ:
Վարչապեը զայրացավ. «Բա ինչի՞ ես բերել էս հարցը»:
Նախարարը փորձեց բացատրել, որ գրավոր հարցերին տրվում են ավելի հիմնավոր, վերլուծություններով հագեցած պատասխաններ, քան բանավոր հարցերին, որոնց տրվում են իրավիճակային պատասխաններ:
Վարչապետը պնդեց, որ դա պատգամավորների որոշելիք հարցն է, թող խորհրդարանը որոշի: «Դեմ եմ, որ մեր կարծիքը լինի բացասական: Իրենց ներքին կուխնյան է, թող իրենք որոշեն: Ժամ ու կես է տևում կառավարության հետ հարցուպատասխանը, կան հինգ ընդդիմադիր խմբակցություններ, և այդպես էլ պետք է լինի, որ սկզբում ընդդիմադիրները պետք է հարցեր տան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: