կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 15:40
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանը կրկին հիշեց բիոզուգարաններն ու Տիգրան Սարգսյանի հարմարավետ պաշտոնը

Նաիրա Զոհրաբյանը կրկին հիշեց  բիոզուգարաններն ու Տիգրան Սարգսյանի հարմարավետ պաշտոնը

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` 2014 թ. դեկտեմբերին, Մոսկվայում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված «Ատոմային էլեկտրոկայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

 

Հիմնական զեկուցող` էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ներկայացնելով համաձայնագիրը նշեց, որ երկարաձգվում է էներգաբլոկի աշխատանքը, և համապատասխան մարմինների միջև կանոնակարգվում են իրավական հարաբերությունները և կազմակերպչական հարցերը: Այդ աշխատանքներից հետո ատոմակայանը մինչև 2026թ. կունենա աշխատելու լիցենզիա:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց փոխնախարարին` ասելով, որ ամիսներ առաջ ատոմակայանի հետ կապված լրջագույն պատմություններ եղան, չարաշահումներ, ձերբակալություններ: «Էներգետիկայի նախարարությունն արե՞լ է հաշվարկ, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված այդ չարաշահումները ինչքան վնաս են հասցրել պետությանը, որովհետև այդ վնասը, ի վերջո, հատուցում է ՀՀ հարկատուն: Արդյո՞ք կա վերջնահաշվարկ, թե վարկն ինչպես է ծախսվելու, որովհետև, այդ վարկի արդունավետության հետ կապված, կան կասկածներ: Եվ համառորեն շրջանառվում են լուրեր, որ էլեկտրաէներգիան թանկանալու է, կարո՞ղ եք ասել` սակագինը բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև սոցիալապես կատաստրոֆիկ վիճակում գտնվող քաղաքացու համար սա թիվ մեկ հարցերից մեկն է»,- հարցրեց պատգամավորը:

 

Փոխնախարարը չարաշահումների վերաբերյալ նշեց, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, ուստի դեռ չեն կարող վերջնական ասել, թե ինչ ծավալի չարաշահումներ են եղել, և թե ինչ վնաս է պատճառվել: Ինչ վերաբերում է վարկի չափի արդյունավետությանը, փոխնախարարը նշեց, որ մեկուկես տարի կտարվեն հետազոտական աշխատանքներ, թե ինչ վիճակում է գտնվում ատոմակայանը, և եթե ամեն ինչ նորմալ ընթանա, մինչև 270 միլիոն դոլար կվերցնեն: Այսինքն` հնարավոր է, որ դրանից ավելի քիչ գումար վերցնեն:

 

Սակագնի հետ կապված` փոխնախարարը նշեց. «Ի՞նչ կարող եմ ասել, սակագինը որոշող իրավասու մարմինը ՀԾԿՀ-ն է , և այդ հանձնաժողովը, ստանալով հայտեր, ինքն է որոշում` այդ առաջարկությունները բավարարել կամ չբավարարել: Ես չեմ կարող ասել` ինչ որոշում կկայացնեն»:

 

Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, խոսելով պատասխանատվության մասին, որ հասարակությունը հստակ պետք է իմանա, թե ով ինչ չարաշահումներ է իրականացրել, և ինչ պատիժ է կրելու:

 

«Մեկը կես միլիոն տվեց երկու բիոզուգարան գնեց, որը հիմա որպես մետաղի ջարդոն է ծառայում, հետո մի քանի միլիոնանոց վարկեր բերեց, ու պարզվեց որ դրա զգալի մասը ծախսվել է դասախոսությւոնների վրա : Ի վերջո մեր երկրում պիտի՞ գործի հստակ պատասխանատվություն, ոչ թե այդքանից հետո գնան իրենց հանգիտսը վայեելու հեռու մի տեղ կոմֆորտ պաշտոնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: