կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 15:22
Առանց Կատեգորիա

Լեհաստանից եկած Արմենը

Լեհաստանից եկած Արմենը

Ծանոթներիցս մեկը մի առիթով ինձ խորհուրդ տվեց հաճախ օգտվել քաղաքային տրանսպորտից: Ընդ որում` անպայման նստել վարորդի կողքին եւ նրան հարցեր տալ: «Շատ բան կհասկանաս»,- ասաց նա:

 

Անկեղծ ասած` այդ պահին ես լավ չհասկացա, թե այդ ի՞նչ պետք է հասկանամ, մինչեւ այսօր տեղի ունեցած դեպքը: Նստել եմ երթուղային` հենց վարորդի կողքին, եւ երբ հերթական սիգարետը վառած` 50-ն անց վարորդի հետ փորձեցի սկսել մտերմիկ, դարդոտ-հայեցի զրույց, մեքենան կանգնեցրեց, եւ մեր կողքին եկավ նստելու Արմենը:

 

Անունը հետո իմացա: 40-ին մոտ, գուցե մի փոքր անց այս տղամարդը, պարզվեց, վարորդի ծանոթն էր: Վաղուց չէին հանդիպել: Հասկանալի է` սկսեցին զրուցել, իրար կյանքից հարցուփորձ անել, ես էլ, քանի որ տեղեկությունը շատ էր եւ հետաքրքիր, լուռ լսում էի: Պարզվեց, որ Արմենը մի քանի տարի առաջ է վերադարձել Հայաստան Լեհաստանից: Արմենը Վարշավայի շուկայում ինչ ասես չի արել, անգամ` գողություն` «հա ի՞նչ, ախպե'ր ջան, ամոթը սոված մնալն է» սկզբունքով:

 

Արմենը հիմնականում զբաղված է եղել մանրավաճառությամբ` տարբեր փոքր առարկաներ, հիմնականում` դիսկեր /մի քանի տարի առաջ դեռ դիսկ գնողներ կային, անգամ` Լեհաստանում/, կախել է իր կաշվե «կուրտկայի» ներսի հատվածում հատուկ ապրանքները պահելու համար կարված թելերից եւ շուկայի բանուկ հատվածներում «կուրտկան» բացել, կանգնել: Երբ, սակայն, ոստիկաններ են երեւացվել, արագ ծածկել է ապրանքը եւ հեռացել:

 

Այս աշխատանքով Արմենն օրը 200-300 դոլար «փող է բռնել», որը ինքն ու լեհուհի Իդան հաճույքով ծախսում էին: Մինչ Արմենը համառոտ նկարագրում էր Իդայի արտաքին տեսքը, վարորդը վառեց հերթական սիգարետը եւ հարցով. «Բա հետո՞, ապե'ր, խի՞ եկար»: Կարծես խնդրեց Արմենին` գործից խոսել: Արմենը հասկացավ մեսիջը եւ շարունակեց: Պարզվում է՝ հայ տղայի բարեկեցիկ կյանքը Լեհաստանում ավարտվել է ճիշտ այն ժամանակ, երբ Լեհաստանը մտավ Եվրամիություն: Հենց այդ տարի Վարշավայի կենտրոնական շուկան /որտեղ, ըստ Արմենի, ամեն ինչ վաճառվում էր եւ ոչ միայն` ինչ/ փակեցին, փողոցային առեւտուրն արգելեցին: Սա, անշուշտ, չի արգելել Արմենին աշխատել, ինչի հետեւանքով էլ մի անգամ փողոցում նրան բռնել են, քանի որ տղան խիստ կասկածելի է թվացել ոստիկաններին. ո՞վ կասկածելի չի թվա, որ ամառվա շոգին կաշվե «կուրտկայով» կանգնած լինի քաղաքի գլխավոր փողոցներից մեկում: Արմենին «դեպորտ են խփել», եւ անգամ լեհուհի Իդային մնաս բարով չասելով` տղան վերադարձել է Հայաստան, ու արդեն մի քանի տարի է` չի կարողանում հարմարվել: «Բա սա երկիր ա՞, ա'յ ախպեր»,- հռետորական հարցադրում արեց Արմենը եւ եզրակացրեց. «Ոթե ուզում ես ճիշտն իմանաս` հիմա Լեհաստանն էլ երկիր չի, չեն թողում աշխատենք, ա'յ ախպեր…»:

 

Իջնելով երթուղայինից` ես հիշեցի իմ ծանոթին, ով ինձ հորդորում էր հաճախ օգտվել քաղաքային տրանսպորտից, որպեսզի շատ բան հասկանամ: Գուցե ոչ ճիշտ, բայց հասկացա, որ խնդիրը ոչ թե Լեհաստանի` ԵՄ մտնելն է, այլ Արմենի մեջ է: Ի դեպ, Հայաստանում Արմեն անունով քանի՞ տղա կա…

 

Հովիկ Աֆյան