կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-27 12:55
Իրավական

Հոգեբուժարանից փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելուց հետո ոստիկանն ուշագնաց է եղել

Հոգեբուժարանից փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելուց հետո ոստիկանն ուշագնաց է եղել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ,  այսօր շարունակվեց Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած կալանավորին «հսկած» 5 ոստիկանների գործը:

 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը: Քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Ղուկաս Ա.-ն հոգեբուժարանի շենքից դուրս էր եկել բակ եւ դիմել փախուստի, սակայն ժամեր անց՝ հայտնաբերվել:

 

Փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի եւ 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Գործով մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի, որոնցից 4-ը ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ի աշխատակիցներ են: Ըստ մեղադրանքի՝ Արկադի Մանուկյանը, Սամվել Այդինյանը, Արսեն Պապոյանը, Հակոբ Գևորգյանը ծառայություն իրականացնելու ընթացքում, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

 

Մեղադրյալներից Արտյոմ Մկրտչյանն էլ ՀՀ ոստիկանության Նուբարաշեն բաժանմունքի տեսուչ-հերթապահն է: Նրան մեղսագրվում է կալանավորի փախուստի վերաբերյալ ահազանգի մասին օպերատիվ հաղորդագրություն չտալու, չհաշվառելու համար, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

 

5 մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը: Նրանց շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արմեն Պողոսյանը:

 

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արսեն Պապոյանը: Նա իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ երեխայի առողջականի հետ կապված խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Այդ կապակցությամբ մեղադրող դատախազը միջնորդեց հետաձգել դատական նիստը, ինչը դատավորը բավարարեց:

 

Նշենք, որ նախորդ դատական նիստում պաշտպան Արմեն Պողոսյանը ժամանակ էր խնդրել դատարանից՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

 

Հիշյալ գործի քննության ընթացքում պարզ կդառնա, թե ի՞նչ հանգամանքներում է կալանավորը փախուստի դիմել, ոստիկաններից ով ինչ չափով իր պարտականությունները չի կատարել և այլն:

 

Այս գործում մեղքի իրենց բաժինն ունեն նաև պատկան մարմինները: Չի բացառվում, որ հոգեբուժարանի անմխիթար վիճակն ու տեխնիկական խնդիրներն էլ նպաստել են փախուստի իրականացմանը:

 

Ի դեպ, ասում են` կալանավորին հայտնաբերելուց հետո ոստիկաններից մեկը հուզմունքից ուշագնաց է եղել: