կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 13:30
Առանց Կատեգորիա

Հարսների առեղծվածը. լեգենդից՝ իրականություն

Հայ-ադրբեջանական սահմանագոտին է, այստեղ ամեն քար իր պատմությունն ունի: Լեռնաշղթայի կենտրոնում հարսի և սկեսուրի արձանն է. ժայռե հսկաներին մարդու ձեռք չի դիպչել` բնության կերտածն է: Տեղաբնակների պատմած լեգենդի համաձայն` դարեր առաջ սկեսուրի անեծքն է քարացրել հարսին: Պատմում են, պատմում, իրար հերթ չտալով, բայց վերջում ավելացնում են. «Դե, հնից եկած պատմություն ա, ո՞վ իր հարսին կանիծի»:

 

Կոթիի ամենատարեց սկեսուրը՝ 105-ամյա Նարղուշ տատն էլ չի հիշում դեպք, որ հարսի հետ վատ հարաբերված լինի, հիմա էլ շուրթերին միայն օրհնանք է: Նարղուշ տատը ժամանակին գյուղի ամենագեղեցիկ հարսն էր: Ամուսնացավ 14 տարեկանում, բայց իրական սիրուն հանդիպեց 16-ում:

 

Տարեց հայուհին ժամանակին հարևան Ադրբեջանում էլ է աշխատել, հիմա կա’մ չի հիշում, կա’մ էլ չի ուզում հիշել : «Մենք նրանց հետ գործ չունենք, մենք թուրքի հետ գործ չունենք»,- ասում է նա :

 

Մեկ դարը բոլորած հայուհին ժամանակին կթվորուհի է աշխատել, ծխախոտ մշակել, անասուն պահել: Հարևանուհու՝ տիկին Շամամի խոսքով՝ Նարղուշն օրինակելի հարս է եղել.

 

«Ինքը շատ սիրուն կնիկ ա եղել, շատ` աչքերը խոշոր, իստակ, մաքուր, իրանն ու երեխանցը լավ պահող , սար ու դաշտ անող կնիկ էր, շատ լավն էր»,-պատմում է տիկին Շամամը :

Հարևանուհուն գովելիս չի մոռանում սահմանից այն կողմ ապրող հարսներին, ասում է. «Թուրքի աղջիկներն էլ պակաս սիրունը չէին» : Հարևանների հետ կողք կողքի ապրելով` հայ ու ադրբեջանցի հարսներն իրարից շատ բան են սովորել: Նրանց մոտ էլ, ըստ Շամամի, մեծին հարգում են, փոքրին սիրում, և հարսի ու սկեսուրի արձանի լեգենդը նրանք էլ չգիտեն, թե ինչպես է ծնվել: Ժամանակին շատ են զրուցել այդ թեմաներով, ուզեցել են հասկանալ լեգենդի ծագումնաբանությունը, բայց չեն գտել... Փոխարենը խոստովանում են՝ խանգալ պատրաստել սովորել են հարևաններից:

 

Տիկին Լիլիթը, բացելով խանգալի պատրաստման գաղտնիքները, ներկայացնում է ուտեստի առաջացման պատմությունը. «Ադրբեջանում տուն հյուր է գալիս խանը, արագ մի բան են ասում` պատրաստեն, այսինքն` խանգալ, նշանակում է խանը գալիս է»: Կինը կատակում է՝ այն ժամանակ իրենց տուն խան չի եկել, բայց ադրբեջանցի հյուրեր շատ են ընդունել: Հիմա էլ՝ տարիներ անց, սեղանի շուրջը կոթեցիները հավաքվում ու հիշում են հարևանների հետ կիսած հացն ու խմած կենացները: Հիշում են ու բաժակ բարձրացնում զոհված տղերքի, սահմանին կանգնած զինվորի ու այդքան սպասված խաղաղության համար:

 

Իսկ մինչ այդ շարունակում են փնտրել հարս ու սկեսուրի պատմության ծագումնաբանությունը:

Գուցե սահմանից այն կողմ տեղյա՞կ են...

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ