կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 12:36
Քաղաքական

Բոլորի հորքուրի գանձերի, քեռու հարսների տներում խուզարկություններ են եղել. Զոհրաբյան

Մեր բազմաթիվ պատգամավորների, մեր տարածքային պատասխանատուների, նրանց մորքուրների, հորքուրի գանձերի, քեռու հարսների, բաջանաղների, բոլորի տներում, գրասենյակներում խուզարկություններ են եղել:

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ առգրավվել են հեռախոսներ, համակարգիչներ:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դատարանից ունի մեկ ակնկալիք՝ չկատարել քաղաքական պատվեր:

«Վճիռ կատարող դատարանը պետք է հավատարիմ մնա բացառապես ՀՀ քրեական օրենսգրքին, արդարադատությանը, ոչ թե կատարի քաղաքական պատվեր»,-նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ շատ քննարկվեց Վահե Էնֆիաջյանի և ՌԴ դեսպանի խոսակցությունը, որտեղ քննարկվել էր նաև ՀՀ ներքաղաքական կյանքը, Զոհրաբյանը պատասխանեց.

«Ես չեմ համարում սա «դրսից տղա բերել»: Ես ինքս խնդրել եմ բազմաթիվ եվրոպացի իմ գործընկերների, շատ ազդեցիկ մարդկանց այս պահին ձեռնպահ մնալ: Ինձ զանգահարել են եվրոպական հայտնի իրավապաշտպաններ, շատ լուրջ քաղաքական գործիչներ, որոնց անունները ես առայժմ չեմ ասում, բայց իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: