կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 12:32
Քաղաքական

ԵՄ-ն մանդատ է նախատեսել Հայաստանի համար

ԵՄ-ն մանդատ է նախատեսել Հայաստանի համար

Այսօր ԱԺ-ում անցկացվում են լսումներ, որոնք կազմակերպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով:

 

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ նշեց. «Չեմ կարծում, որ Ռիգայում փաստաթուղթ կստորագրվի` Հայաստանի հետ կապված, սակայն հույս ունենք, որ կձևավորվի իրավական այն հիմքը, որի վրա ապագայում կարող է փաստաթուղթ մշակվել Հայաստանի համար»:

 

Նա կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն պետք է առավել ճկուն քաղաքականություն վարի Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի հետ:

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն շահագրգիռ է զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, և չնայած ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո շարունակել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, «բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՀՀ-ի նոր ընտրության հետ»:

 

«Մենք մանդատ ենք նախատեսել ապագա համագործակցության համար, շուտով այդ մանդատը կհաստատվի: Թե ինչպիսին կլինի ժամանակացույցը, ներկայումս դժվար է կանխատեսել: Մենք հուսով ենք, որ այդ գաղափարների փոխկապակցումը կլինի, և դրանից հետո Ռիգայի համար կներկայացնենք և խորհրդակցություններ կանենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ»,- ասաց նա:

 

Հրիսթեան կարևորեց նաև Եվրոպական հարևանության հրապարակած` 2014 թ. զեկույցը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն որոշ սահմանափակ առաջընթաց է ունեցել, սակայն նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՀՀ-ն դեռ, մեղմ ասած, առաջընթաց չունի: «Դժբախատաբար, կոռուպցիայի դեմ պայքարը հիմանական հարց է մնում: Ուզում եմ ընդգծել, որ զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվել ընտրական համակարգի բարեփոխումներին: Կարծում եմ` մեր ֆինանսական ու տեխնիկական աջակցման կենտրոնում կլինեն արժեքների հիման վրա ընտրված կենտրոններ»,- ասաց նա՝ հավելելով, որ Արևելյան գործընկերությունը պարզապես ընդհանուր քաղաքականություն չէ, այլ առնչվում է նաև իրենց կարիքների բավարարմանը: Որպես օրինակ` նա նշեց վիզաների ազատականացման քաղաքականությունը:

 

«ԵՄ արժեքները պետք է վեր լինեն ամեն ինչից, սա է ֆինանսական աջակցության հիմքը: Լսել եմ բյուջետային գրասենյակի ստեղծման մասին և շնորհավորում եմ, մենք ապավինում ենք բոլոր այն միջոցներին, որոնք ապահովում են, որ վերահսկողություն լինի: ԵՄ-ն ու ՀՀ-ն հուշագիր են ստորագրել, այդ աջակցությունը նախատեսում է ապագա համագործակցության հիմքերը, և 140-170 միլիոն եվրո գումար ենք տրամադրել, միայն 90 միլիոն եվրո տրամադրել ենք երկկողմ հարաբերությունների համար, տրամադրել ենք աջակցություն մասնավոր հատվածի զարգացման և մարդու իրավունքներին աջակցելու համար»,- նշեց նա:

 

Տրայան Հրիսթեան նաև հավելեց, թե իրենք 15 մլն դոլար են հատկացրել գործընկերության հիմնադրամին` ուղղված բիզնեսի համագործակցությանը: Դեսպանը նշեց, որ ԵՄ աջակցությունը քաղաքացիական հասարակությանն ավելացել է, քանի որ նպատակ ունեն բարելավել քաղհասարակության դերը, որը պետք է երկխոսության մեջ մտնի կառավարության, ԱԺ-ի, իշխանության հետ: