կարևոր
12295 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-31 15:29
Տնտեսական

Պետական պարտքն իրենք նախատեսել են, և դա աճելու է աներկբա․ Թադևոս Ավետիսյան

Պետական պարտքն իրենք նախատեսել են, և դա աճելու է աներկբա․ Թադևոս Ավետիսյան

Պետական պարտքը հատել 10 մլրդ-ի շեմը և նախատեսվում է այն բարձրացնել։ «Պարտքի բացարձակ արժեքը որևէ բան չի ներկայցնում և պետք է նայել պարտքի հարաբերական ցուցանիշը ՀՆԱ- ի նկատմամբ։ Մենք թիրախավորում ենք 2024թ-ին ՀՆԱ-ի 48,5 տոկոսին մոտ պարտք ունենալ։ 50 տոկոսից ներքև համարվում է անվտանգ և որևէ ռիսկ չպարունակող մակարդակ»։ Այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, երեկ ասաց ՀՀ ֆինասների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս մակարդակը նաև հնարվորություն է տալիս տարբեր ռիսկերի դեպքում հավելյալ պարք ներգրավել։ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը թեմայի վերաբերյալ պատասխանել է Vesti.am-ի հարցերին։

 
  • ՀՆԱ-ի 50 տոկոսը չգերազանցելը միա՞կ չափանիշն է, որը թույլ է տալիս ասել՝ ռիսկային չէ և հնարավորություն է՝ նոր պարտք ներգրավելու։
  • Տրամաբանական է, որ միայն բացարձակ թվով պետական պարտքը գնահատելն ամբողջական չի լինի, պետք է համադրել նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշների հետ՝ հիմնականում ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) և տվյալ տարվա համար պետական պարտքի սպասարկման ծախսերի։ Այս պահին, գուցե, ընթացիկ գնահատմամբ մտահոգիչ չէ, բայց միտումներն են մտահոգիչ։ Բացի 2022թ-ից, նախորդ տարիներին այս իշխանության օրոք պետական պարտքն ավելի առաջանցիկ է, քան ՀՆԱ-ն՝ տարեկան կտրվածքով։ 2022թ այս մասով բացառիկ տարի էր. արտաքին, պատահական, կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ ռուս-ուկրանիական պատերազմի հետևանքով առաջացած ֆոնին մեր ՀՆԱ-ն աճեց 12,6 տոկոսով և Ռուսաստանից արտարժույթով դրամական փոխանցումները բերեցին ազգային արժույթի արժևորման։ Այս երկու գործոնն էլ թվացյալ ապահովեցին ՀՆԱ-պետական պարտքի բավականին լավ ցուցանիշ։ 2021թ արդեն 60 տոկոսի շեմն էինք հատել, ինչը բավականին բարձր ռիսկ էր։ Հիմա այս գործոնը թուլանում է, բայց ունենք ռիսկեր, որ նորից այդ հարաբերական ցուցանիշը կփոխվի դեպի վատը։ Այսօր ԱԺ-ում էլ այդ հարցը բարձրացրի, սակայն ֆինասների նախարարն ըստ էության չպատասխանեց հարցիս՝ այդ ռիսկերը գահատվա՞ծ են և որո՞նք են դրանց կառավարման լուծումները։ Պատասխանից կարող եմ, ենթադդրել, որ գնահատված չեն և համապատասխան լուծումներ չկան։ Իրենց հույսը դեռ այս պատահական գործոններն են։
  • Եթե տնտեսական առկա ցուցանիշները նորմալ են, ապա ինչո՞ւ է նախարարը հայտարաում, որ թոշակների, մինիմալ աշխատավարձի, սոցիալական նպաստների բարձրացում կառավարությունը չի նախատեսում։
  • Լավ օրից չէ, որ այդպես է։ Իրենք ամենալավը գիտեն, որ այդ թռիչքաձև տնտեսական աճի բերած գործոնն արդեն նվազել է 2023թ-ին և մեծ է հավանականությունը, որ այդ գործոնը կզրոյանա 2024թ-ին: Հենց դրանից ելնելով էլ՝ հաջորդ տարվա համար խիստ պահպանողական բյուջե են առաջարկում։
  • Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացին պետք է ավելի շատ հետաքրքրվի, թե ի՞նչ է արվում իր վճարած հարկերից, քան պետական պարտքով արվածից։ Հիմնավորումն այն էր, որ հարկերով ավելի շատ բան է արվում, քան պետական պարտքով։ Ինչպե՞ս հարկատուն հասկանա սա: Ամեն դեպքում այդ վարկը ևս մարվում է իր վճարած հարկերից։
  • Ճիշտ եք նկատում, հերթական ապակողմորոշումն է կամ մանիպուլյացիան։ Նախ պետական պարտքի ավելացում նշանակում է, որ մենք մեր ապագայի զարգացման ռեսուրսը վերցնում ենք և հիմա ենք ծախսում՝ այդպիսով նվազեցնում ենք ապագայի կայուն զարգացման ներուժը։ Ամեն ընթացիկ հաջորդ տարվա բյուջեում դու ավելի շատ միջոցներ պետք է նախատեսես՝ պետական պարտքի սպասարկման համար, պետական պարտքի նվազեցումը լինելու է նաև կապիտալ ծախսերի նվազեցման հաշվին։ Չեն բարձրանալու թոշակները, նպաստները և այլն։ Եվ, վերջին հաշվով, 1940-50 ական թվականներից համաշխարհային տնտեսությանը հատուկ են պարտքային ճգնաժամերը, իսկ դրանից տուժում ենք բոլորս։ Այո, պետական պարտքի բեռը, ի վերջո, կրում է յուրաքանչուր քաղաքացի։ Շատ կարևոր է, թե պետական պարտքն ի՞նչ արդյունավետությամբ է ծախսվում։  Պետական պարտքն ավելացնում ենք, չենք ծախսում, ներկայացնում են ցածր կատարողական և փաստացի վերցնում ենք պարտք, վճարում տոկոսներ և չենք ծառայեցնում երկարաժամկետ զարգացման ծրագրերին։ Գումարները քիչ չեն՝ հասնում են միչև 100 մլն դոլարի։
  • Քաղաքացիները չեն վստահում պետական պարտք վերցնելու իշխանության բերված փաստարկներին և դրա արդյունավետությանը։ Հաշվետվողականության թերացում կա, ինչպես նաև նպատակարամարությանն են թերահավատ, օրինակ են բերում պետական պարտքով պարեկային ծառայության ստեղծումը և այլն։ Հաշվի առնելով այսօր երկրում ստեղծված իրավաիճակը, 100 հազարից ավելի քաղաքցիների մուտքը և այլն՝ այս պահին պետական պարտքն ավելացնել միայն նրա համար, որ ՀՆԱ-ն այս պահի դրությամբ թույլ է տալիս, որքանո՞վ է նպատակահարմար։
  • Այս իշխանությունը պետական պարտքի ծախսման և բյուջեի կապիտալ ծախսերի հաշվետվողականության լուրջ խնդիր ունի։ Էապես և առաջանցիկ աճում են մեկ անձից գնումները, քան՝ մրցակցային գնումները։ Երբ տեսնում ես՝ պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների եղբայրները դառնում են բիզնեսմեններ և նրանց ղեկավարած ընկերությունները պետական գնումներում վազքով առաջ են անցնում, ի հայտ են գալիս մի շարք մտահոգությունները։ Տեղին չէ ասել՝  «ի՞նչ է թե եղբայրս է, չզբավի՞ այդ գործով»։ Իհարկե, թող զբաղվի։ Բայց եթե բարձրաստիճան պաշտոնյաի եղբարը  դառնում է մի քանի կազմակերպության տնօրեն և այդ կազմակերպությունները զարգանում են նաև պետության կողմից մեկ անձից գնումներով, ապա այստեղ մտահոգություններն էլ ավելի տեղին են դառնում։ Իսկ երբ պարտքը վերցում են և, իրենց ապաշնորհության կամ անկարողությամբ պայմանավորված, չեն կարողանում նպատակին ծառայեցնել, ի վերջո հարկատուներն անիմաստ տոկոսներ են վճարում։ Կարևոր է, թե այդ գումարներն ինչպե՞ս են ծախսվում։ Նրանք իրենց իշխանությունը պահելու խնդիր ունեն և դա շատ հաճախ հակասում է մեր ազգային շահին։ Բերեցիք ոստիկանության օրինակը։ Այո, ոստիականության վրա անխնա գումար են ծախսվում՝ և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերի՝ շքեղ ավտոմեքենաներ, պարագաներ, աշխատավարձ, պարգևավճրներ, որոնք տրվում են օրենքի սկզբունքի խախտմամբ։ Մյուս կողմից էլ ժլատ են սոցիալական ծասերի տեսանկյունից։  Մի կարևոր մանիպուլյացիա ևս հատուկ է այս իշխանությանը՝ բյուջով ասում են՝ այսքան աճեցրել ենք պաշտպանական ծախսերը, բայց, միայն այս տարվա առաջին 9 ամսվա կտրվածքով, 50 տոկոս թերակատարում կա անվտանգային պաշտպանական ծախսերում, 50 տոկոսից ավելի թերակատարում կա կրթության ոլորտում։ Այսինքն, հայտարարում են, որ նպաստ չեն բարձրացնում, որ երկարաժամկետ կապիտալ ծախսեր անեն, բայց երբ հերթը հասնում է կատարմանը՝ սղղացնում են թերակատարումը։ Պետական պարտքն իրենք նախատեսել են և դա աճելու է աներկբա։ Այս ՀՆԱ-ն, որ իրենք կանխատեսել են, 40 տոսկոս՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ֆոնին, ես չունեմ վստահություն, որ ունենալու ենք։ Հնարավոր է նորից հայտնվենք բարձր ռիսկային գոտում, քանի որ դժվար է լինելու այդ տնտեսական աճն ապահովելը, իսկ դրա վառ օրինակը՝ 2021թ-ն էր։