կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-15 17:20
Հասարակություն

Պապիկս, կերպարանափոխվելով ազդեցիկ թուրքի, մոտեցել էր անապատով անցնող քարավանին և փրկել ընտանիքը

Պապիկս, կերպարանափոխվելով ազդեցիկ թուրքի, մոտեցել էր անապատով անցնող քարավանին և փրկել ընտանիքը

Լուսանկարում Արաքսի Խերբեկյանն է, երեխաների՝ Նազենիկի, Գիսակի ևԱստղիկի հետ:

 

«Մորս ծնողները՝ Զվարթ Համբարձումի Գաբրիելյանցը և Համբարձում Խաչատուրի Գաբրիելյանցը վաճառականների դասից էին, Էրզրումից: Տատիկիս մայրը՝ Արաքսի Զաքարի Խերբեկյանը, նույնպես ծնվել էր Էրզրումում, մորս քույրը՝ Նվարդ Համբարձումի Գաբրիելյանցը, ծնվել է Հալեպում 1916 թվականին: Եղբայրը՝ Նուբար Համբարձումի Գաբրիելյանցը, ծնվել է Կոնստանդնուպոլսում 1920 թվականին: Նրան անվանել են հայտնի քաղաքական գործիչ Նուբար Փաշայի պատվին:


1915 թվականի ապրիլին Ցեղասպանության ժամանակ մորս ծնողներն իրենց 1,5 ամյա երեխայի՝ Գաբրիելի հետ ուղարկվել էին Դեր Զոր անապատը: Ճանապարհին երեխան մահացել էր:

Պապիկս՝ Համբարձում Գաբրիելյանցը, կերպարանափոխվելով ազդեցիկ թուրքի, ձի հեծնելով, մոտեցել էր անապատով անցնող և պահակներով շրջապատված քարավանին՝ ընտանիքը փրկելու նպատակով: Երբ նա գտավ իր ընտանիքին, մեծ պապիկս՝ տատիկիս հայրը՝ Զաքար Խերբեկյանը, հրաժարվեց միանալու նրանց՝ պատճառաբանելով, որ արդեն ծեր է, չմիացավ երիտասարդներին: Խաղաղ ժամանակ մեծ պապիկս Էրզրումում հայերի ներկայացուցիչն էր:

 

Հետո պապիկս և նրա կինը հասան Հալեպ, որտեղից էլ տատիկիս բարեկամները գնացել էին Ամերիկա, Անգլիա, Արգենտինա… Իսկ պապիկս որոշել էր գնալ Թիֆլիս՝ իր բարեկամների՝ Գաբրիելյանցների մոտ, ապա նոր Ամերիկա: Սակայն ստեղծված իրավիճակից ելնելով չկարողացավ և մնաց Թիֆլիսում: 1924 թվականին ծնվեց մայրս՝ Զվարթը»: