կարևոր
1627 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-11 10:38
Քաղաքական

Միջազգային հանրության դիրքորոշումը կլինի ազդեցիկ, երբ կորդեգրվեն պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ

Միջազգային հանրության դիրքորոշումը կլինի ազդեցիկ, երբ կորդեգրվեն պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ

«Ազդակ» թերթի խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակումները, Ակնայի ճանապարհի բացումը և այլ ընթացիկ քաղաքական հարցեր, նշում է.

-Էսկալացիան հիմնականում կլինի ուղերձ կամ սպառնալիք փոխանցելու համար: Զինտեխնիկայի կուտակումները սպառնալու և ինչ-որ պահանջների ընթացք տալու համար են։ Եթե Բերձորի միջանցքը փակում են, ուրեմն ստիպում են բացել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը։ Հիմա Հայաստանի պետական սահմանին կուտակումներ են, ուրեմն փորձում են ստիպել, որ բացվի Նախիջեւան-Ադրբեջան ճանապարհը։ Երկուսի դեպքում էլ առաջադրանքները չեն իրականացվել, դրա համար էլ սպառնում են ու շտապում։ Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ կլինի: Իրանը վճռական է սահմանային փոփոխություն բացառելու առումով, իսկ արցախյան հակամարտության, կոնկրետ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջնորդման համար ընթանում է աշխարհաքաղաքական մրցապայքար՝ ՌԴ-ի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ։

-Հայ-ամերիկյան սպասվող զորավարժությունները ռուսական կողմի մտահոգություններն առաջ բերեցին: Ի՞նչ պետք է ենթադրել այս ամենից:

-Պարզ էր, որ ՌԴ-ն պիտի հակազդեր։ Սա ընկալվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի թափանցման, ազդեցության գոտու ձևավորման գործընթացներով, որ Մոսկվայի մեկնաբանությամբ նպատակադրել է ՌԴ-ի դուրս մղումը։ Հարավային Կովկասը, կարծում եմ, արդեն զուտ ռուսական տիրույթ չէ։ Երևանում ԱՄՆ դեսպանության տարածքն արդեն մտածել էր տալիս կովկասյան տարածաշրջանի վերադասավորման աշխարհաքաղաքականության մասին։ Այս զորավարժություններին առընթեր սկսեց արծարծվել ՀԱՊԿ զորքեր հայաստանյան սահմաններին տեղակայելու ծրագիրը։ Սա ևս խոսում է տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական մրցապայքարի մասին։

-Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը Ադրբեջանի դիտավորությունը, Ձեր գնահատմամբ, ի՞նչ նպատակներ է հետապնդում:

-Կարծում եմ, ուղղակի կապված է Ադրբեջանի կիրառած համարկման քաղաքականության հետ։ Մարդասիրական տեսքով, ըստ էության, նրանք փորձում են քաղաքական կարևորագույն խնդիր լուծել։ Նախ՝ Հայաստանի հետ կենսաճանապարհը, ընդհանրապես, փակ պահելու, այլընտրանքային ուղիով ինտգերումի օրակարգն առաջ քաշելու եւ միջազգային հանրությանը իբրև խաղաղասեր և մարդասեր երևալու։ Այս բոլորի արանքում պետք է նկատել, որ Բերձոր փակելն ու Ակնան բացելը, ըստ էության, նաև Եռակողմ հայտարարության չեղարկում է, ինչը, կարծում եմ, ռուսական խաղաղապահ առաքելությանը լրջագույն հարված է։

-Հումանիտար բեռների Արցախ ներկրմանը խոչընդոտելը ինչպե՞ս է ընկալվում և մեկնաբանվում միջազգային հանրույթի կողմից:

-Ընկալվում է զուտ դեկլարատիվ, կոչային և պահանջների սահմաններում։ Մինչև այն ժամանակ, որ չկա միջանցքը վերաբացելու պարտադիր որոշումի իրականացման մեխանիզմ, ենթադրվում է, որ քաղաքական շահը կամ Ադրբեջանի հաշվարկը գերակշռում է պետությունների մոտ։ Այլապես պետք է իրականացվեր Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կամ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը։ Միջազգային հանրության դիրքորոշումը կլինի ազդեցիկ, երբ կորդեգրվեն պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։

-Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցող քննարկումներից ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:

-ԱՄՆ կոնգրեսի քննարկումների արդյունքները պետք է տեղափոխվեն Սպիտակ Տուն, պետդեպարտմենտ եւ, ընդհանրապես, վարչակառավարման գործադիր ոլորտ։ Այս գործընթացները պիտի ընկալել ԱՄՆ Հարավային Կոկվկասում փուլ առ փուլ տեղավորվելու ընդհանուր շրջածիրում։ Դա ժամանակ է պահանջում։

Աղբյուրը՝ artsakhtert.am