կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 17:37
Առանց Կատեգորիա

Ուրգանտը հումոր չէր անում, իրականությունից էր խոսում

Ուրգանտը հումոր չէր անում, իրականությունից էր խոսում

Սկսենք նրանից, որ Իվան Ուրգանտը հումորիստ է, այսինքն` ավելի շատ կամ շուտ հոմուրիստ-շոումեն է, քան, ենթադրենք, ազգությամբ հրեա կամ ծագումով հրեա` ՌԴ քաղաքացի:

 

Ի դեպ, Ուրգանտը ռուս չէ, սա, որպեսզի Ուրգանտի ասածները չդիտարկենք, որպես պաշտոնական Մոսկվայի` Հայաստանի հանդեպ վարած վասալային քաղաքականության ցցուն օրինակ: Հետեւաբար, այն, ինչ ասում է Ուրգանտը հեռուստաէկրանից հումոր է, իսկ հումորը, անգամ` Ուրգանտի կատարմամբ, կարող է լինել անհամ, սադրիչ, հաճելի, շոյող, թեթեւ, քողարկված, տհաճ, ցածրորակ... Եվ ցանկացած մարդու` հումոր հասկանալու, սեփական անձի վրա ծիծաղելու ունակությունից է որոշվում նաեւ յուրաքանչյուր մարդու ինտելեկտը:

 

Բոլորովին վերջերս Իվան Ուրգանտը բան է ասել հայերի մասին, ավելի ճիշտ` հայերիս: Նրա ընկեր Գարիկ Մարտիրոսյանը դեռ չի արձագանքել, հավանաբար, չարձագանքի էլ, փոխարենը Ուրգանտի ասածը հայության ազգային արժանապատվությանը վիրավորանք են համարել մի շարք ֆեյսբուքահայեր, ավելի զիլերն անգամ պահանջում են Ուրգանտի հրաժարականը, ներողություն` ներողությունը:

 

Բանն այն է, որ իր հաղորդման ընթացքում Իվան Ուրգանտը, անդրադառնալով Քիմ Քարդաշյանի ընտանիքի երեւանյան այցին, ինչն, ի դեպ, արդեն իսկ հաճելի է, նշել է, որ «Քիմի ամուսինը` Քանյե Քարդաշյանը, ում Արեւմուտքում անվանում են Քայնե Ուեսթը /սա եւս հումոր է/, բացօթյա համերգ է տվել Երեւանի կենտրոնում գտնվող Կարապի լճում, որից հետո այդ լճի ջուրը հանվել է վաճառքի»:

 

Հիմա, ըստ Ուրգանտի, ամենակարեւորն այն է, որ հայերը չկեղծեն այդ ջուրը, ինչպես հայկական կոնյակը: Հենց այստեղ էլ, ըստ մեր հայրենասերների, Ուրգանտը վիրավորել է հայության ազգային արժանապատվությունը: Հարց է առաջանում` ինչպե՞ս: Ասելով, որ հայերը կարող են այդ ջուրը կեղծել, ինչպես հայկական կոնյակը: Իսկ ի՞նչ է, չե՞նք կարող: Բա կոնյակը, օրինակ` Մոսկվայի խանութներում վաճառվող, ո՞նց ենք կեղծում, չե՞նք կեղծում…

 

Իրականում, եթե անկեղծ լինենք, Ուրգանտը գոնե այս պարագայում հումոր էլ չի արել, ճիշտն է ասել: Չնայած, եթե ազգովի ստորագրահավաք անենք` պահանջելով, որ ռուսական Առաջին ալիքն ու Ուրգանտն անձամբ ներողություն խնդրեն մեզանից, տղան կարող է իր հաջորդ հաղորդումներում այլեւս չանդրադառնալ Երեւանին: Դրանից նրա հաղորման վարկանիշը չի նվազի, փոխարենը ռուսական Առաջին ալիքը Երեւանի մասին չի խոսի, հատկապես, որ խոսելու առանձնապես թեմա էլ չենք:

 

Ի դեպ, նույն հաղորդման ընթացքում Ուրգանտը «վիրավորել է» նաեւ ուրալցիների արժանապատվությունը, բայց Ուրալից, կարծես, բողոք չկա: Գուցե այնտեղ «Ֆեյսբուք»-ը լայն տարածում չունի, կամ գուցե ուրալցիների համար «Ֆեյսբուք»-ը կեղծե՞լ են, ռուսներն, ի դեպ, դա կարող են անել, այնպես, ինչպես Նեմցովի սպանության փաստերը: «Շուտկա»:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ