Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015 թ. ապրիլի 9-12-ը Շուեցարիայի Վինտերտուր քաղաքում տեղի ունեցաւ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ (Young European Socialists) կազմակերպութեան Ընդհանուր ժողովը։
Հ.Յ.Դ. Երիտասարդականը այդ ժողովին մասնակցեց երկու հոգանոց պատուիրակութեամբ՝ Արէն Քերթեշեան (Ֆրանսիա) և Սարինէ Աբրահամեան (Նիդերլանդներ)։
Ե.Ե.Ը. Ընդհանուր ժողովը կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որտեղ ներկայացւում է նիւթաբարոյական գործունէութեան հաշուետւութիւն, ճշտւում են կազմակերպութեան հետագայ անելիքները և ընտրւում է նոր նախագահութիւն։ Կազմակերպութեան անդամ միութիւնների կարգավիճակի հարցը ևս քննւում և վճռահատւում է այդ ժողովում։
Ժողովի բացումը կատարել է Ե.Ե.Ը.-ի շրջանաւարտ նախագահ՝ Կասիա Էմիլիա Պեննին։ Այնուհետև ելոյթ է ունեցել Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) ընդհանուր քարտուղար՝ Էուին Ինջիրը, որն իր խօսքում մասնակիցներին կոչ է ուղղել մասնակցելու 2015 թ. մայիսին Հայաստանում տեղի ունենալիք Ը.Ե.Մ.Մ. համաշխարհային Խորհրդի ժողովին։
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ե.Ե.Ը.-ին (նախապէս ECOSY) մաս է կազմում մօտ երկու տասնամեակ։ Անցնող տարիների ընթացքում Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունեցել է դիտորդ անդամի կարգավիճակ։
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի և Եւրոպայի Արտաքին-յարաբերական յանձնախմբի աւելի քան մէկ տարուայ հետևողական աշխատանքի արդիւնքում վերոնշեալ ժողովում Հ.Յ.Դ. Երիտասարդականը միաձայն քուէարկութեամբ դարձաւ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպութեան լիիրաւ անդամ։
Իր ելոյթում Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչը շնորհակալութիւն յայտնելով վստահութեան համար, նշեց, որ այն առանձնայատուկ նշանակութիւն ունի դաշնակցական երիտասարդների համար, քանի որ երկար տարիներ դիտորդի կարգավիճակով անդամակցութիւնից յետոյ, Հ.Յ.Դ. Երիտասարդականն այժմ հնարաւորութիւն ունի որպէս լիիրաւ անդամ լիարժէքօրէն մասնակցել կազմակերպութեան աշխատանքներին։ Շեշտուեց, որ Հ.Յ.Դ. Երիտասարդականը լիայոյս է, որ ընկերվարական երիտասարդական կազմակերպութիւնների շրջանում կը յաջողուի մշակել նոր ռազմավարութիւն և աւելի համախմբուած պայքարել աշխարհն աւելի արդար և հաւասար դարձնելու համար.
«Սիրելի՛ ընկերներ, կատարեալ աշխարհը գուցէ անհասանելի երազ է, սակայն սրանից աւելի լաւ աշխարհ իրատեսօրէն հնարաւոր է։ Այդ նպատակին հասնելու ճանպարհին եղած խոչընդոտները կարելի է յաղթահարել համախմբուած պայքար մղելով և միմեանց աջակցելով»։
Վերջում կազմակերպութեան նախագահ ընտրուեց Լաուրա Սիլմանին, Ֆրանսիայի MJS կազմակերպութիւնից և ընդհանուր քարտուղար՝ Նինա Ժիւանովիչը, Սերբիայի SDY կազմակերպութիւնից։
Ֆրանսացի նորընտիր նախագահն իր առաջին իսկ խօսքում ողջունեց Հ.Յ.Դ. Երիտասարդականի լիիրաւ անդամակցութիւնը, ընդգծելով, որ այն յատուկ նշանակութիւն ունի, քանի որ տեղի է ունենում մեզ համար այդքան կարևոր՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի տարում։
Նշենք նաև, որ մեծամասնութեան որոշումով ադրբեջանական SDYO կազմակերպութեան անդամակցութիւնը դադարեցուեց Ե.Ե.Ը.-ում՝ այդ կազմակերպութեան ոչ գործուն մասնակցութեան և վերջին շրջանում նրանց հետ կապ հաստատել չկարողանալու պատճառով։
Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
14 ապրիլ, 2015 թ.