կարևոր
1363 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-17 17:34
Քաղաքական

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը

Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն այսօր ընդունել է մի շարք բանաձևեր, որտեղ տեղ են գտել ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված դրույթներ։

Մասնավորապես, Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին, թույլատրել արցախահայության վերադարձը միջազգային մոնիթորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ընդունված բանաձևով նաև կարևորվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիթորինգը՝ ներառյալ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը։

Կոնգրեսի որդեգրած բանաձեւերից «Խաղաղության, բարօրության և ներառականության խթանումը Եվրոպայում և նրա հարևան տարածաշրջաններում» բանաձեւում, Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը նշում է.

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը միջազգային վերահսկողության ներքո և պահպանի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմությանը։ Մենք ընդգծում ենք Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների շարունակական մոնիթորինգի կարևորությունը, ներառյալ՝ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը»։

Կոնգրեսը PES-ի բարձրագույն ժողովն է, որտեղ քննարկվում է համաեվրոպական այս խոշոր կուսակցության նախընթաց գործունեությունը, որոշվում ռազմավարական և ծրագրային քաղաքական առաջնահերթությունները, ընտրվում է կուսակցության նոր գործադիր մարմին։

PES-ին իբրև լիիրավ անդամ անդամակցում են եվրոպական 33 կուսակցություններ, իբրև ասոցացված՝ 13, իսկ դիտորդ անդամների թիվը 15-ն է։ Անդամակցության կարգավիճակը կախված է Եվրոպական միության հետ պատկան երկրի հարաբերությունների բնույթից։ ՀՅ Դաշնակցությունը մեր տարածաշրջանում PES-ին անդամակցող միակ քաղաքական ուժն է։

Այս կուսակցության հետ միջկուսակցական կապերի շարունակական զարգացումը ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է։

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը ներկայացնում են Գասպար Կարապետյանը, Սարինե Աբրահամյանը, Գևորգ Ղուկասյանը, Նարոդ Նորամանյանը։ Նախատեսվում է ՀՅԴ պատվիրակության ակտիվ մասնակցությունը Կոնգրեսի աշխատանքներին, հանդիպումներ բազմաթիվ երկրների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի քննարկում։

 

ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակ

17 հոկտեմբերի, 2025