կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 10:17
Քաղաքական

ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Եվրոպայի երիտասարդ սոցիալիստների կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Եվրոպայի երիտասարդ սոցիալիստների կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

Դեկտեմբերի 5-ին և 6-ին տեղի ունեցավ Եվրոպայի Երիտասարդ սոցիալիստների (ընկերվարների) կազմակերպության (Young European Socialists/YES) Ընդհանուր ժողովը՝ առցանց:

Ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով ընդունվեց Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև, որին աջակցել էր Պորտուգալիայի երիտասարդ սոցիալիստների կազմակերպությունը:

Հավելյալ նշենք, որ ՀՅԴ Երիտասարդականը, որպես լիիրավ անդամ, անդամակացում է YES-ին 2015 թվականի ապրիլից:

Ստորև ներկայացնում ենք բանաձևի հայերեն թարգմանությունը.

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը առանց դրդապատճառի լայնածավալ հարձակում սկսեց Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը պատերազմ սկսեց համաշխարհային համավարակի ընթացքում, երբ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը համաշխարհային հրադադարի կոչ էր արել։

Այդ գործողությունները 1994 թվականին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարի պայմանագրի ուղղակի խախտումներ են։

Թուրքիայի անվերապահ աջակցությամբ պատերազմն արագորեն ահագնացավ՝ որպես հետևանք ունենալով քաղաքացիական շինությունների, դպրոցների, հիվանդանոցների և եկեղեցիների ռմբակոծությունները։ Թուրքիան հրապարակայնորեն արտահայտել է իր աջակցությունը և շարունակում է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել։ Տարածաշրջանի անվտանգության համար խիստ ահազանգող է այն հանգամանքը, որ Թուրքիան պատերազմական գործողություններին մասնակից է դարձրել նաև Սիրիայից բերված վարձկաններին և իր հատուկ ջոկատայիններին։

Այս ամենը պատճառ դարձավ հազարավոր զոհերի, ներառյալ՝ մեծ թվով քաղաքացիական անձինք։ Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է կամ էլ, իբրև փախստական, ճանապարհ բռնել դեպի Հայաստան։ Հայ գերիները դաժանորեն տանջվել են և սպանվել։

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր, որն ամբողջությամբ արհամարհում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու 1994 թ․ զինադադարի պայմանագիրը։

Այս անարդար պայմանագիրը ոչ միայն արհամարհում է Արցախի ժողովրդի իրավունքները, այլ նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտությունը կարգավորելուն լիազորված միջազգային միակ կառույցի լիազորությունները։

Հաշվի առնելով այն, որ

– այս պայմանագիրը Արցախի ժողովրդի իրավունքները չի երաշխավորում,
– չի երաշխավորում գերիների անվտանգ վերադարձի իրավունքը,
– չի ապահովում Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակը,
– չի ապահովում հակամարտության կայուն կարգավորումը,
-Եվրոպական հանձնաժողովի այլատյացության դեմ և Եվրոպայի խորհրդի անհանդուրժողականության դեմ զեկույցներով ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության բացառման կոմիտեի զեկույցներով, Արցախի ժողովրդի կյանքը Ադրբեջանի տիրապետության տակ անհնար է։
-Ադրբեջանի Հանրապետությունը ի վիճակի չէ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունն ու ազատությունը։

YES-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ, որը հրահրված չի եղել հայկական կողմից, ինչպես նաև զինվորների, քաղաքացիների և գերեվարվածների հանդեպ իրականացված պատերազմական հանցագործությունները։

YES-ը խստորեն դատապարտում է Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի միջամտությունը։
YES-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիական վարձկանների օգտագործումն այս պատերազմում։
YES-ը կոչ է ուղղում Եվրոպական Միությանը երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը և տեղահանված ընտանիքներին ցուցաբերել մարդասիրական օգնություն։


Եվրոպայի Երիտասարդ սոցիալիստների կազմակերպություն,
համաստորագրող՝ «Պորտուգալիայի երիտասարդ սոցիալիստներ»