կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 15:20
Քաղաքական

Բրիտանիական թագավորական ընտանիքի անդամը գնում է Թուրքիա` փառաբանելու բրիտանական զորքերի ջախջախումը

Բրիտանիական թագավորական ընտանիքի անդամը գնում է Թուրքիա`  փառաբանելու բրիտանական զորքերի ջախջախումը

Ուելսի արքայազն Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջը և նրա որդին` Հարրին, ապրիլի 24-25-ին նախատեսում են այցելել Ստամբուլ և մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի միջոցառմանը:


Yerkir.am-ի հետ զրույցում այդ այցի մասին իր մեկնաբանությունները ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը:


«Ես բոլորովին չեմ զարմանա, որ Անգլիայի թագուհին էլ, վարչապետն էլ գնան Թուրքիա ապրիլի 24-ին, որովհետև անգլիացիները միշտ էլ պատմության ընթացքում կանգնած են եղել թուրքերի կողքին: Թուրքիան այսօր որ կենդանի է ու հզոր է դարձել, ամենաշատը պետք է երախտապարտ լինի Անգլիային, որովհետև 19-րդ դարում ռուս-թուրքական բոլոր պատերազմները ավարտվելու էին Կոստանդնուպոլսի գրավումով: Պարզապես Անգլիան, Գերմանիան թուրքերին փրկեցին»,- ասաց Համլետ Հարությունյանը` հավելելով, որ երկու համաշխարհային պատերազմներից հետո Թուրքիան պարտված պետություն էր, բայց ավելի շատ քաղեց հաղթանակի պտուղները, քան մնացած երկրները, ինչում մեծ դեր է խաղացել Անգլիան:


ՀՀԿ-ականի խոսքով` Անգլիան կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին` շարունակելով իր հակահայ քաղաքականությունը: «Անգլիան ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև հայկական բոլոր նախաձեռնությունների ժամանակ միշտ էլ կանգնել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին»,- եզրափակեց պատգամավորը:


Yerkir.am-ի հետ զրույցում մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց, որ Անգլիայի թուրքամետ քաղաքականությունը և այդչափ թուրքասեր դրսևորումները նաև անպատվություն են իրենց իսկ նկատմամբ: Պատգամավորը շեշտում է, որ Գալիպոլիի ճակատամարտում թուրքերը ջախջախել են բրիտանական բանակին:


«Եվ Անգլիայի արքայազնը գնում է իրենց իսկ խարանին ու խայտառակությանը նվիրված միջոցառմանը ներկա լինելու, դա ինձ համար անհասկանալի է: Այդչափ թուրքասիրությունը դրսևորվում է իրենց ինքնասիրության հաշվին: Ինքնասիրության կորուստ է, երբ թուրքական բանակները նշում են իրենց հաղթանակը բրիտանական բանակի նկատմամբ, և ոչ ավելի, ոչ պակաս, թագավորական ընտանիքի անդամը գնում է փառաբանելու բրիտանական զորքերի ջախջախումը: Շատ ծիծաղելի է, սա խայտառակություն է ու ամոթ»,- ասաց պատգամավորը: